Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/157

Այս էջը հաստատված է

Խե՜ղճ աղջիկ, թափառական կյանքը նրա վրա ևս արել էր իր դժբախտ ազդեցությունը։ Հագուստը բոլորովին մաշված էր. մաշված էին և փոքրիկ տրեխները, որ կապել էր իր առանց գուլպայի ոտներին։ Երևում էր. որ շատ հեռու տեղից էին եկել։

Պառավը ավելի խոժոռադեմ և զայրացած երևաց ինձ։ Երեխաների միամիտ վարմունքը չէր կարող այնպես վրդովեցնել նրան։ Ուրեմն, այլևս ի՞նչ պատճառ կարող էր ունենալ։ Ես այդ պառավին միշտ տխրադեմ և թախծալի էի տեսել, բայց զայրացած, ոչ երբեք։ Նրա սրտի վրա ծանրացած էր մի ցավ, մի դառն կսկիծ, որ միշտ տանջում էր նրան։ Սկսյալ այն օրից, որ ես առաջին անգամ տեսա այդ պառավին արաբական մինարեթի մոտ, ամայի ավերակների մեջ, այդ թշվառ կինը խիստ տխուր տպավորություն էր թողել իմ վրա, որ ավելի նման էր կարեկցության և ցավակցության, և ես պատրաստ կլինեի բաժանել նրա ցավերը, եթե նա իր սրտի գաղտնիքը հայտնելու լիներ ինձ։ Բայց ի՞նչ կար նրա սրտում, ի՞նչ էր պատճառը, որ նա այդպես թափառում էր երկրե երկիր, և որպես ստվեր, չէր բաժանվում Ասլանից ու նրա ընկերների ետևից...

Մենք ման էինք գալիս պարտեզում, վարպետ Փանոսը դեռ շարունակում էր իր հարցուփորձը վանքի և անապատականների մասին։ Ասլանի ուշադրությունը դարձած էր դեպի իր ձեռքի դյութական գավազանը, որը, ինչպես հավատացրեց Հյուբբին, նրա արհեստի արդյունքն էր։ Բայց հազիվ թե նա կարող կլիներ մի այնպիսի գեղեցիկ բան շինել։ Գավազանը սև օձի նմանություն ուներ, և սև ներկի տակից խիստ ճիշտ կերպով նկարվում էին այդ սողունի բոլոր թեփուկները, գլուխը, աչքերը, բերանը, լեզուն և այլն։

— Այդ ի՞նչ բան է,- հարցրեց վարպետը, ինքն ևս ուշադրություն դարձնելով,— Կարծես Մովսես մարգարեի գավազանը լինի, երևի վարդապետներից ընծա ստացաք։

— Ոչ, մի բոշա աղջիկից գնեցի,— ասաց Ասլանը։

— Այն փոքրիկ աղջիկի՞ց, որ մի պառավի հետ ման է գալիս։

— Հենց նրանից։

— Զարմանալի՜ աղջիկ է։ Կես ժամ առաջ մեր բակումն էր Հարևան կանայքը հավաքվել էին նրա շուրջը, և նրանց համար գուշակություններ էր անում։ Ես բոլորովին հիացած մնացի նրա սրամտության վրա։

— Ձեր մասին գուշակել չտվեցի՞ք։

— Տվեցի, բայց նա նայեց իմ երեսին ու ասաց. «Դուք թերահավատությամբ