Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/158

Այս էջը հաստատված է

եք դիմում ոգիների դստերը. նա ձեզ համար գուշակել չէ կարող»։— Նա իրան ոգիների դուստր էր կոչում։

— Եվ իրավ, դուք չէ՞ք հավատում։

— Չեմ հավատում։ Բայց զարմանալին այն է, թե ի՞նչպես նա հասկացավ, որ ես չեմ հավատում։

— Այդ շատ հեշտ էր հասկանալ։ Այդ միջոցին վարպետ Փանոսին կանչեցին իր գործարանը, մենք բաժանվեցանք նրանից, գնացինք մեզ համար պատրաստած սենյակը։ Ասլանը իսկույն դուռը ներսից կողպեց, մոտեցավ լուսամուտին, մի քանի րոպե հետաքրքրությամբ նայում էր դյութատկան գավազանի վրա։ Հետո նա կամաց սեղմեց օձի գլուխը, հեշտությամբ բաժանվեցավ մարմնից։ Այդ միջոցին նա դուրս քարշեց օձի փորից մի երկար թղթի փաթոթ, որի վրա համարյա սպիտակ տեղ չկար, ամբողջապես ծածկված էր գրություններով։ Այդ գրությունները նմանում էին այն թիլիսմանական ծածկագրություններին, որ պատրաստում են ջադուկները, և կանայք դնելով նրանցից, ամփոփում են արծաթյա փոքրիկ խողովակների մեջ, և քարշ են տալիս իրանց պարանոցից։ Իսկ տղամարդիկ իրանց գավազանի փողի մեջ են դնում, հաջող ճանապարհորդություն ունենալու համար։

Բայց Հյուբբիի դյութական գավազանի փողի մեջ գործ դրած թուղթը ոչինչ հաջողություն չէր խոստանում, որովհետև ես իսկույն նկատեցի, որ նրա կարդալու միջոցին Ասլանը բոլորովին դունաթափվեցավ։ Կարդալուց հետո նա այրեց թուղթը։ Երբ որ այրում էր, դա արդեն պարզ նշան էր, որ բովանդակությունը կասկածավոր է։

— Մենք մատնված ենք․․․— ասաց նա բավական վրդովված ձայնով։ Ես սարսափեցա։ Նա ինձ հանգստացրեց, ավելացնելով։

— Այդ ոչինչ... ես այդ սպասում էի․․․

— Մենք պետք է շտապենք իսկույն հեռանալ այստեղից,— ասեցի ես։

— Երբե՛ք,— պատասխանեց նա վճռական ձայնով— մեր փախուստը ավելի կասկածավոր կդարձնե մեզ։

— Մեզ կարող են կալանավորել։

— Հազիվ թե։ Միայն ինձ հարկավոր է այսօր անպատճառ տեսնվիլ մեկի հետ․․․

Այդ առաջին անգամն էր, որ Ասլանը հայտնեց ինձ մի գաղտնիք, գուցե նրա համար, որ զգույշ լինեմ։ Բայց վարպետ Փանոսին