Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/16

Այս էջը հաստատված է

— Մի՞թե այդ աստիճան անարդար է կառավարությունը,— հարցրի ես։

— Ի՜նչ կառավարություն։ Այստեղ կառավարություն չկա, այստեղ կան միայն կեղեքիչ և ինքնակամ կառավարիչներ, որոնք միևնույն բարբարոսություններն են գործ դնում։ Լսեցեք, ես ձեզ կպատմեմ մի փաստ, որից կարելի է հասկանալ, թե ինչ պտուղներ են մեր կառավարիչները։ Մեր քաղաքը վաղուց անտի զինվորանոց չուներ։ Զինվորներին սովորաբար բաժանում էին շրջակա գյուղերի հայոց տներում, և ամեն մի ընտանիք պարտավոր էր մի քանի զինվորներ պահել։ Կարող եք երևակայել, թե ի՞նչ բան է անկարգ բաշիբոզուկը հայ ընտանիքի մեջ։ Նա իրան կատարյալ տան տեր է համարում և թույլ է տալիս ամեն տեսակ կամայականություն։ Գյուղացիները, չկարողանալով համբերել, դիմեցին նահանգապետ փաշային, խոստացան, թե իրանց ծախքով պատրաստ են քաղաքի մոտ մի զինվորանոց կառուցել, միայն թե ազատվեն նրանց անկարգ հյուրերից։ Փաշան ընդունեց։ Հավաքվեցան, խորհեցին, հաշվեցին շենքի ծախքերը, և բաժանելով իրանց մեջ, վճարեցին ամբողջ գումարը։ Փողերի մեծ մասը դրա ու նրա կոկորդն անցավ, և վերջը շենքի բոլոր փայտեղենները դարձյալ գյուղացիների այգիներից կտրեցին։

— Ձրի՞։

— Այո՛, ձրի։ Եվ մեծ անգթությունը նրանումն էր, որ տապարը ծառի տիրոջ ձեռքը տալով և նրա գլխին ծեծելով, հենց իրան՝ տիրոջն էին ստիպում կտրել իր սիրելի ծառը, որպես դանակը հոր ձեռքը տալով ստիպում են կտրել սիրելի որդու պարանոցը։

— Ապա ի՞նչ էին շինում ձեր քաղաքի սրբազան աոաջնորդը և ձեր էֆենդի աղաները: Ինչո՞ւ ժողովրդի այդ պատվելի ներկայացուցիչները չբողոքեցին։

— Հենց այդ էֆենդի աղաներն էին կտրել ավերքները, որովհետև նրանց գլխավորները կապայով հանձն էին առել շենքը կառուցանելու: Իսկ սրբազան առաջնորդը նրանց բարեկամն է...

— Հիմա ի՞նչ եք կարծում, ո՞վ է մեղավորը։ 

— Իհարկե, մերոնք, մեր ժողովրդի ներկայացուցիչները, որ ավելի վնասակար են, քան թե թուրքը ու քուրդը։

Ասլանը և վարպետը դեռ երկար խոսում էին։ Ես արդեն սկսել էի ձանձրանալ. եթե չամաչեի կպառկեի ու կքնեի։ Աչքերս դժվարությամբ էին բացվում, գլուխս այնքան ծանրացել էր, կարծես