Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/160

Այս էջը հաստատված է

Ասլանը փոխեց հագուստը, գլխին ֆես դրեց, ծածկվեցավ Վանա լայն արայով։ Ես նույնպես հագուստս փոխեցի, հետո ճանապարհ ընկանք։

— Գիշերը չե՞ք վերադառնալու,— հարցրեց վարպետ Փանոսը։

— Շատ կարելի է,— պատասխանեց Ասլանը։

Արևը մտել էր, մութը բոլորովին պատել էր Այգեստանի մռայլ փողոցները։ ճանապարհին Ասլանը հարցրեց։

— Դու որևիցե զենք առեցի՞ք քեզ հետ։

— Առեցի։

Բավական հեռացել էինք վարպետ Փանոսի տնից, երբ Ասլանը թողեց գլխավոր փողոցը, որ տանում էր դեպի քաղաքը, շեղվեցավ ճանապարհից և մտավ մի անծանոթ նեղ փողոց։ Այստեղ տներ չկային, որովհետև ոչ շների ձայն էր լսվում և ոչ ճրագի լույս էր երևում։ Երկու կողմից ևս ձգվում էին այգիների անվերջանալի պատերը։ Երկար գնում էինք, և ես չգիտեի, թե ուր ենք գնում։ Վերջապես դուրս եկանք այգիների լաբիրինթոսից, այժմ մեր առջև տարածվում էին ընդարձակ, մշակված դաշտեր։ Ետ ընկած լուսինը նոր երևաց հորիզոնի վրա։

Հեռվից լսվում էր հնձվորի տխուր, թախծալի երգը և մանգաղի ներդաշնակ հնչյունը։ Այնտեղ մշակները աշխատում էին։ Ցերեկվա տոթը այն աստիճան տոչորում է, ցամաքեցնում է հասունացած արտերը, որ հնձելու միջոցին հասկերից հատիկները թափվում են։ Այդ պատճառով հնձում էին այժմ, որովհետև գիշերային խոնավությունից արտերը ավելի տամկանում են և հասկերից հատիկները վայր չեն թափվում։

Այն ժամանակ միայն ես հասկացա, թե ո՛րտեղ ենք գտնվում, երբ հեռվից նշմարվեցան գերեզմանատան բարձր խաչ-քարերը։ Լուսնկայի աղոտ լույսով այդ լուռ, անբարբառ արձանները նկարվում էին, որպես մի-մի հսկաներ, որոնք հետզհետե աճելով և ընկղմվելով գիշերային խավարի մեջ, ներկայացնում էին ուրվականների մի խառն բազմություն, որոնք, կարծես հենց նոր էին դուրս եկել իրանց մթին հանգստարաններից։

Ամեն ինչ լուռ էր. ամենուրեք տիրում էր լուսնային գիշերի մոխրագույն խավարը։ Միայն գերեզմանատան մի հեռու անկյունում երևում էր ծիրանեգույն լույս։ Անահավատներից ոչ ոք չէր համարձակվի մոտենալ այդ լույսին, որը այնպիսի տպավորություն էր գործում, կարծես թե դուրս էր ցոլանում մի որևիցե նահատակի գերեզմանից։ Բայց Ասլանը ուղիղ դիմում էր դեպի