Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/168

Այս էջը հաստատված է

ներկայությունը միայն, որ երբեմն դուրս է հոսում նրանց շրթունքների միջից, ցույց է տալիս, որ այդ թմրած, անշարժ էակները արթուն են։ Դրանք վաղ առավոտյան, իրանց տներից դուրս եկածին պես, իսկույն դիմում են սրճատունը. այստեղ լվացվում, այստեղ սանդրվում, այստեղ կատարում են իրանց առավոտյան աղոթքը և այստեղ դուրս են բերում իրանց նախորդ օրվա «խումարությունից»։ Սրճատան սպասավորները ծանոթ են նրանց յուրաքանչյուրի սովորություններին, և մեծ պատրաստակամությամբ կատարում են նրանց բոլոր քմահաճությունները։ Ամբողջ օրը, իրանց տեղում անշարժ նստած, այդ ողորմելի մարդիկը գրգռում են իրանց ուղեղը դառն ղահվեով, թամբաքուի ծուխով և ափիոնի փոքրիկ դեղահատներով։ Այդ մարդիկը ապուշի դեմք ունեն, ապակու նման սառն և անշարժ աչքեր և դողդոջուն ձեռքեր։

Հենց նույն ապուշների մոտ Ավետարանի լույսը ծավալող միսիոնարի դործակալը բաց է արել Աստվածաշունչը և զբաղված է կրոնական վիճաբանություևներով։ Մի քանի հարցասերներ շրջապատել են նրան, լսում են, վիճում են և հայհոյում են։

Իսկ իմ ուշադրությունը գրավեցին երեք հոգի, որ հեռու նստած էին մի բոլորակ սեղանի շուրջը, որի վրա դրած էր մի շիշ օղի։ Նրանցից մեկը միջահասակ երիտասարդ էր և իր հագուստի ձևերով ավելի նման էր Մուսուլի կամ Բաղդադի կողմերի հայերին։ Նա փաթաթված էր սև և սպիտակ զոլերով երկար աբայի (վերարկվի) մեջ, որի նմանը կրում են Հիջազի ուխտավորները: Գլխի արաբական ապարոշը իր ծոպավոր վերջավորություններով ծածկում էր նրա ուսերը, իսկ ճակատը, հոնքերը և մինչև անգամ աչքերը հազիվ էին երևում մետաքսյա գույնզգույն փաթոթի տակից, որը կապել էր իր գլխին։ Ես իսկույն մտածեցի, թե դա այն մուսուլցի վաճառականը պետք է լիներ, որի հետ տեսնվելու համար եկած էր Ասլանը։ Իսկ մուսուլցու երկու խոսակիցները ինձ ավելի օտարոտի մարդիկ էին երևում, այդ ցույց էր տալիս նրանց հնամաշ կիսաեվրոպական և կիսաասիական հագուստը, որ սաստիկ աչքի էր զարկում։ Շատ հավանական էր, որ այդ մարդիկ երկար թափառել էին այն երկրներում, որտեղ նեղ վարտիք, լայնեզրյա գլխարկ և սերթուկ են հագնում, իսկ հետո, վերադառնալով Ասիա, եվրոպական հագուստի միայն կտորտանքներ էր մնացել նրանց վրա։

— Ո՞վ է այն երիտասարդը,— հարցրի ես Թեոս ախպորից, ցույց տալով մուսուլցուն։