Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/173

Այս էջը հաստատված է

հարստահարության դեմ պաշտպանություն գտնելու համար, որ խոստանում էին քարոզիչները, ոմանք զզված լինելով հայ քահանաների, հայ կղերի ագահությունից, իսկ խիստ սակավները, ճշմարիտ համոզմունքով, թողնում էին հայոց եկեղեցին և մտնում բողոքական և կաթոլիկ եկեղեցու գիրկը: Հայ ժողովուրդը բաժան-բաժան էր լինում, ամեն տեղ պատահում էին կռիվներ, խռովություններ և մշտական երկպառակություն: Գործերի այդ դրության մեջ, անկարելի էր լինում, որ մտածող անձինքերի ուշադրությունը չգրավեր այդ աղետավոր երևույթը, որ սպառնում էր հայոց ամբողջության քայքայմանը, մանավանդ մի այնպիսի ժամանակում, երբ օտարների բռնության դեմ մաքառելու համար հարկավոր էր ընդհանուր միաբանություն, հարկավոր էր միություն և սեր: Բայց Ավետարանի սերը և եղբայրությունը քարոզող միսիոներները ատելություն և թշնամություն էին սերմանում երկու հայ եղբայների մեջ:

— Միսիոները ազգ չէ ճանաչում,—շարունակեց Սագոն,— նա մտնում է մի ժողովրդի մեջ, տեսնում է՝ ինչ լեզվով որ խոսում է ժողովուրդը, և ինչ լեզվով որ նրան ավելի հասկանալի է, սկսում է նույն լեզվով քարոզել նրան, նույն լեզվով կարդացնում է նրա զավակներին իր դպրոցների մեջ: Եթե մի տեղ հայը քրդերեն է խոսում, նա կսկսե թուրքերեն քարոզել: Նրան ի՞նչ փույթ, որ այդ լեզուները հայոց մայրենի լեզուն չեն: Նա երբեք հանձն չի առնի մի այդպիսի դժվարություն, որ նախ հային իր կորցրած մայրենի լեզուն սովորացնե, և հետո սկսե նույն լեզվով քարոզել նրան: Եվ ձեր ընկերության աշխատությունը այդ կողմից շատ օգտակար պետք է համարել, որ հանձն է առել մայրենի լեզուն տարածել քրդախոս հայերի մեջ: Դա ավելի ուղիղ ճանապարհ է նրանց հալացներու և հայության մեջ պահելու համար: Լեզվի հետ կապված է ազգի գրականությունը, նրա անցյալը, նրա պատմական կյանքը, նրա բոլոր մտավոր և հոգեկան արտահայտությունները դարերի ընթացքում, — նրա ամբողջ գոյությունը, — այդ է, որ կապում է մի անհատին իր ազգային ամբողջության հետ: Իսկ եկեղեցին, ինչպես տեսաք իմ բերած օրինակներից հարավային Միջագետքի հայերի վերաբերությամբ, շատ թույլ կապ է հային իր ազգության հետ կապելու համար, եթե նա կորցրել է մյուս ավելի հաստատուն հիմունքները ազգայնության:

Ես Սագոյի մեջ այժմ ուրիշ մարդ, ուրիշ լեզու էի տեսնում.