Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/174

Այս էջը հաստատված է

նա այն չէր, որ առաջին անգամ հանդիպեց ինձ արաբական մինարեթում և ոչ այն զվարճասեր խեղկատակն էր, որ ձանձրացնում էր ինձ որսորդի տան մեջ: Նրա մեջ խոսում էր Ասլանի լեզուն: Ես զարմանում էի, որքան նման էին այդ երիտասարդները միմյանց թե՛ իրանց ձգտումներով և թե՛ գաղափարներով:

– Ես համաձայն եմ ձեզ հետ, – ասաց մյուս երիտասարդը, որ բոլոր ժամանակ լուռ էր: – Բայց օտարազգի քարոզիչները այդ բոլոր վնասները չէին կարող տալ մեզ, եթե մենք ունենայինք օրինավոր եկեղեցականներ: Եթե գայլը հոտից ոչխարներ է գողանում, դա ապացույց է, որ հովիվներն ու շները անպիտան են: Մեր քահանաները տգետ են և անկիրթ, իսկ մեր վարդապետները, իրանց վանքերի մեջ առանձնացած, ճգնում են, աղոթում են, կարծելով թե դրանով մեծ ծառայություն են անում ազգին:

Այդ միջոցին մեր սեղանի մոտից անցավ մի մարդ, և խոսակցությունը իսկույն դադարեց: Նույն ներգործությունն էր անում նա, ինչ խմբի որ մոտենում էր: Եվ եթե նստում էր այս և այն սեղանի մոտ, մարդիկ սկսում էին աննկատելի կերպով հետզհետե հեռանալ նրանից:

– Այդ մարդը մի հայտնի լրտես է, – ասաց Սագոն, ցույց տալով նրան:

– Ի՞նչ ազգից է, – հարցրի ես:

– Հայ է և, բացի հայ լինելը, «էֆենդի» է, բազմաթիվ տիտղոսներ ունի:

– Եվ մատնում է հայերի՞ն:

– Էլ ո՞ւմը պետք է մատնե...

«Էֆենդին» գնաց, նստեց մի խումբ երիտասարդների մոտ, որովհետև ինքն ևս նրանց հասակակից էր: Հրամայեց իր հաշվով գինի տան:

– Ես պատրաստ եմ գրավ բռնել, – ասաց Սագոն, – որ այդ անպիտանը հիմա կսկսե ազգասիրական ճառեր կարդալ և գուցե կսկսե երգել իր հորինած ոտանավորներից մեկը, որի մեջ անդադար կրկնվում է «ո՜հ, Հայաստան» բառերը:

Բայց դրանցից և ոչ մեկը չկատարվեցավ, որովհետև գիշերից շատ անցել էր, սրճատան հաճախորդները սկսել էին հետզհետե հեռանալ, և Թեոս ախպերը պատրաստվում էր ճրագները հանգցնել: Աղմկալի դահլիճը մի քանի րոպեի մեջ դատարկվեցավ: Երբ Թեոս ախպերը վերջին երկու ճրագը հանգցնելու վրա էր, երկու երիտասարդները վեր կացան, բարի գիշեր ասացին ինձ և