Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/188

Այս էջը հաստատված է

պարսից և տաճկաց թագավորներից ստացված, զանազան պայմանագրերի և հին կալվածագրերի,— այդ բոլորը կարող է առատ նյութ տալ պատմության։

Մատենադարանի մի առանձին պահարանում հավաքված էին հայոց ամենահին տպագրությունները, որոնք եղել են մի քանի դարեր առաջ Վենետիկում, Հռոմում, Միլանում, Նոր-Ջուղայում, Ամստերդամում և այլ տեղերում։ Գրչագրերը քննելուց հետո, մտանք երրորդ սենյակը, որ ավելի ընդարձակ էր, քան աոաջինները։

— Այդ մեր թանգարանն է,— ասաց Հայրիկը,— բայց դեռ աղքատ թանգարան, որովհետև շատ ժամանակ չէ, որ գոյություն ունի։

Չնայելով, որ Հայրիկը խիստ համեստությամբ էր վերաբերվում դեպի թանգարանը, բայց այդ սենյակը ավելի քան մյուսները, գրավեց իմ ուշադրությունը։ Ինչե՞ր ասեք այնտեղ չկային։ Ինչ որ մի անգամ գտնվել էին Վանա շրջակայքում կամ նրա ավերակների մեջ, հավաքել էին այնտեղ։ Մի տեղ, փոքրիկ գզրոցներում, որոնց վերևի երեսները ծածկված էր ապակիով, դասավորած Էր զանազան հին դրամներ։ Մի տեղ, նույնպիսի գզրոցներում, կային զանազան կանացի զարդեր, որպիսիք են՝ ականջի օղեր, ապարանջաններ, հուլունքներ և այլն։ Մի այլ տեղ կային հնադարյան զենքեր, պղնձյա ծանր վահաններ, սեպաձև արձանագրություններով և առասպելական դրոշմվածներով զարդարած, նիզակների և նետերի ծայրեր, տապարներ, սաղավարտների և զրահների կտորներ, — բոլորը պղնձից։ Այդ բոլոր հնություններից իմ ուշադրությունը գրավեցին երկու փոքրիկ արձաններ միայն, որոնցից մեկը պատած էր ոսկով և ներկայացնում էր մի դեռահաս կնոջ։ Նա այնքան գեղեցիկ էր, որ ես պատրաստ էի ծունկ իջնել և երկրպագել նրան։ Երբ իմ հոգեզմայլությունը հայտնեցի։ Հայրիկը ծիծաղելով ասաց.

— Մեզ ևս մի ժամանակ մեղադրում էին այդ մեղքի մեջ։

— Ի՞նչպես, — հարցրեց Ասլանը։

Հայրիկը պատմեց մի քանի հետաքրքիր անցքեր, թե ո՛րքան ա


նախորժությունների է պատահել թանգարանի պատճառով։ Թանգարանը շինվում է գլխավորապես այն նպատակով, որ այնտեղ հետզհետե հավաքվեն բոլոր հնությունները, որոնք խիստ հաճախ գտնվում են Վանա շրջակայքում, և ժողովուրդը նրանց նշանակությունը չհասկանալով՝ ոչնչացնում է։ Օրինակ, պատահել էին