Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/190

Այս էջը հաստատված է

Է, 15-րդ դարու իտալացի երևելի նկարիչներից մեկի գործն է: Բայց ինձ զարմացնում է այն, թե ինչպես է պատահել, որ այդ պատկերը հայտնվել է այստեղ։

— Շատ հավանական է,— ասաց հայրիկը, — որ բերված լինի այն ժամանակներում, երբ վանեցի վաճառականները Վենետիկի և Իտալիայի հետ հարաբերություններ ունեին։ Բայց գիտե՞ք որտեղից եմ դրւրս բերել այդ պատկերը։

— Ո՞րտեղից։

— Մի կիսավեր գյուղական եկեղեցիից, որի հայ բնակիչները բոլորովին սպառվել էին և նրանց տեղը քրդեր էին բնակվում։ Այդ վերջինները, գուցե իրանք ևս հայկական ծագումից լինելով, դեռ պահպանել էին իրանց հավատը թե՛ դեպի եկեղեցին և թե դեպի նրա սրբությունները։

Աստվածամոր պատկերը, որի մասին այնքան հիացած խոսում էին թե՛ Ասլանը և թե՛ Հայրիկը, ինձ ամենևին չէր գրավում, գուցե այն պատճառով, որ ես գեղարվեստի մասին ամենևին գաղափար չունեի։ Ներկերը, որ առաջուց ևս խիստ մռայլ գույն էին ունեցել, ժամանակների ընթացքում ավելի և ավելի սևացել էին խունկի և մոմի ծուխից։ Մի տեղում մոմը, ինչպես երևում էր, լուսարարի անհողությունից ընկած է եղել և այրել է աստվածամոր գրկում մանուկ Հիսուսի ոտները, մի այլ տեղում կտավը պատռած էր։

Հայրիկը ցույց տվեց մեզ մի այլ հնություն, որը, որպես ասում էր նա, Արծրունյաց իշխանուհի օրիորդներից մեկի ձեռագործն էր, որ նվիրված էր Վարագա վանքին։ Սեղանի ծածկոց էր այդ գեղեցիկ աշխատությունը, որի վրա օրիորդի ճարտար մատները ստեղծագործել էին զանազան պատկերներ ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքներից։

— Շատ անգամ մեր վանքերում կամ եկեղեցիներում պատահում են այնպիսի անոթներ, զգեստներ կամ այլ իրեղեններ, որոնք մաշված, հնացած և գործածությունից ընկած լինելով, այնպես, իբրև մի անպետք բան, ձգած են լինում եկեղեցիների խորաններում կամ պահարաններում, և այնտեղ փտում են։ Երբեմն նրանց մեջ գտնվում են այնպիսի հազվագյուտ իրեղեններ, որոնք, իբրև հնություն, արհեստի համար մեծ նշանակություն ունեն, — ասաց հայրիկը, — մենք հոգ ենք տանում հավաքելու այդպիսիները։— Եվ նա ցույց տվեց մեզ զանազան սաղավարտներ, վակասներ, շուրջառներ, եպիսկոպոսական կամ վարդապետական