Ասլանը ժպտաց։
— Շատերը ինձ մեղադրում են,— շարունակեց նա,— թե ինչո՞ւ վանքում ես հիմնեցի երկրագործական դպրոց, թե մի այդպիսի հիմնարկություն բոլորովին հակառակ է վանքի նշանակությանը և այլն։ Ասեցեք խնդրեմ, պարոն բժշկապետ, ո՞վ արդյոք, ավելի քան վանականը, պետք է ծանոթ լինի երկրի ու նրա մշակության գործի հետ։ Վանքը լոկ աղոթատեղի չէ, նա ունի ընդարձակ տնտեսություն, որը կանոնավոր կերպով կառավարելու համար, պետք է երկրագործական մեծ հմտություններ ունենալ։ Կարդացեք մեր վանքերի պատերի վրա քանդակած արձանագրությունները և դուք կտեսնեք, որ սկսյալ մեր հին թագավորներից, իշխաններից և իշխանուհիներից, մինչև մեր ժամանակների բարեպաշտները, ընծայել են մեր վանքերին ամբողջ գյուղեր, ագարակներ, ընդարձակ անտառներ, այգիներ և այլն,— այնպես որ, վանքերը մեր կողմերում, և առհասարակ Հայաստանի մեջ ամենահարուստ կալվածատերերն են։— Վանականները ի՞նչպես կարող են կառավարել այդ կալվածները, եթե ծանոթ չեն գյուղատնտեսության հետ։ Ամենաբարեխիղճ կապալառուն անգամ կարող է խաբել նրանց։ Բացի դրանից, իրանց անընդունակությամբ միշտ կարող են վատնել կալվածները, ինչպես շատ վանքերինը վատնված է։
Ասլանը, որ բոլոր ժամանակը ուշադրությամբ լսում էր, հարցրեց.
— Դուք որևիցե վտանգ չե՞ք նախատեսում, Հայրիկ, երբ վանականները իրանց կալվածական հարստության հետ կստանան և՛ կրթություն, և՛ ուսում։
— Ի՞նչ վտանգ կարելի է սպասել կրթությունից,— հարցրեց Հայրիկը ոչ սակավ զարմանալով։
— Այն վտանգը, որ կոչվում է «կղերականություն»: Մինչև այսօր ձեր վանականները անզոր և անվնաս էին որովհետև անկիրթ էին, բայց կրթվելով, նրանք ուժ կստանան, կաշխատեն իշխել ժողովրդի վրա և հարստահարել նրան։
— Այդ հազիվ կարող է պատահել մեր մեջ,— պատասխանեց Հայրիկը։— «Կղերականությունը» հակառակ է մեր եկեղեցու ոգուն, որը կատարյալ ժողովրդական բնավորություն ունի։ Եվ եթե վանականները կրթվելով կարող են բռնանալ ժողովրդի վրա և հարստահարել նրան,— չէ՞ որ, որքան կրթվեն վանականները, նույն չափով և գուցե ավելի կկրթվի ժողովուրդը, և այսպիսով