Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/205

Այս էջը հաստատված է

էր միևնույն քուրդ Շարիֆ-բեկի անունով, որին մենք տեսանք սուրբ Տիրամոր վանքի տաճարում, ուր եկած էր նա իր բաժին գանձանակադրամը ստանալու։ Բեկի ստորագրության ներքև դրոշմված էին Կարապետ հայր սուրբի, տեր Թոդիկի և իմ քեռի Պետրոսի կնիքները այսպիսի մակագրությամբ.

«Մենք հաստատ գիտենք և վկայում ենք, որ բոլորը, ինչ որ գրել է բեկը, ճշմարիտ է և ուղիղ»։

— Մեկը վարդապետ, մյուսը քահանա, իսկ երրորդը ժողովրրդի ներկայացուցիչ, իրավ, լա՞վ զույգեր են ասաց Ասլանը ծիծաղելով և նամակը մի կողմ դնելով։

Հետո նա դարձավ դեպի տիկինը այս խոսքերով.

— Դու ինձ ասում ես, նազելի տիկին, թե ինչո՞ւ եմ ես թափառում վանքերում։ Ախար ես աշխատում եմ, եթե նրանցից մի բարիք գտնել չեմ կարող, գոնե նրանց չարը մեզանից հեռացնեմ։ — Տեսնո՞ւմ ես, ովքեր են մեր մատնիչները...

Կարծես տխրության մի ամպ անցավ տիկնոջ համակրական դեմքի վրա։

— Դու այդ նամակը գողացել ես, պետք է տանես դարձյալ իր տեղը դնես,— խոսքը փոխեց Ասլանը։

— Կարծեմ աստված իմ այդ գողությունը մեղք չի համարի,— ասաց տիկինը ժպտալով։

— Ես էլ կարծում եմ, որ մեղք չի համարի, բայց քո ամուսինը կասկածանքի մեջ կընկնի, երբ կտեսնե, որ նամակը իր տեղումը չէ։— Դու այն ասա′, հիշո՞ւմ ես, թե ուրիշ ի՞նչ խոսեց փաշայի քարտուղարը, երբ նամակը հանձնեց քո ամուսնուն։

— Բոլորը հիշում եմ։

— Ո՞ւմ վրա կասկած ունեին։

— Քո վրա։ Իմ ամուսինը ասաց քարտուղարին. «Այդ եվրոպացի բժիշկը իմ աչքում մի բարի պտուղ չէ երևում»... Իսկ քարտուղարը պատասխանեց, թե բժիշկը հայոց առաջնորդի մոտ հյուր է կանչված, փաշան նույնպես հրավիրված է, այնտեղ պետք է փորձել նրան։ — Իրա՞վ դու հրավիրված ես առաջնորդի մոտ։

— Այո՛։

— Էս խորհուրդ կտայի չգնալ, փորձանքի մեջ կընկնես։

— Հենց դրա համար, որ նրանք պետք է ինձ «փորձեն», հարկավոր է գնալ։

— Իմ ամուսինը նույնպես այնտեղ կլինի։ Նա շատ վտանգավոր մարդ է։