Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/212

Այս էջը հաստատված է

հլու և արդյունավոր հպատակ է: Նա հլու է, երբ տերն օտարազգի է, բայց ես գիտեմ գյուղացիներ, որ վատ են վարվում իրանց տիրոջ հետ, որովհետև նա հայ էր: Դա ինչի՞ց է:

Ասլանը, որ բոլոր ժամանակը ուշադրությամբ լսում էր, պատասխանեց.

– Պատճառը շատ պարզ է: Մեր ներկան, դուք ինքներդ ասացիք, որ մեր անցյալի շարունակությունն է: Այդ տխուր երևույթների պատճառները պետք է որոնենք մեր տխուր պատմության մեջ...

Համարյա առավոտյան լուսաբացի մոտ էր, երբ մենք դուրս եկանք տեր հոր տնից և գնացինք մեր բնակարանը, վարպետ Փանոսի տունը: Դուրս գալու միջոցին Ասլանը խորին շնորհակալությամբ բռնեց տիկնոջ ձեռքը և ասաց.

– Մենք, հույս ունեմ, դարձյալ կտեսնվենք:

– Անպատճառ, – ասաց տիկինը:

– Ո՞րտեղ:

– Ես կգամ քեզ մոտ:

– Դա անհարմար չէ՞ր լինի:

– Ամենևին:

ԺԷ

ՊԱՆԴՈՒԽՏ ՎԱՆԵՑԻՆ

Օրը շաբաթ էր, այն սպասված օրը, որի գիշերը ես ու Ասլանը հրավիրված էինք սրբազան առաջնորդի մոտ: Ասլանը զբաղված էր ինչ-որ պատրաստություններով, իսկ ես, անգործությունիցս ձանձրացած, չգիտեի ինչ անել: Առաջնորդի հրավերքը ինձ խիստ հրապուրում էր, բայց մինչև երեկո սպասե՞լ, այդ շատ և շատ ծանր էր ինձ համար: Դուրս եկա փողոցը, նստեցի մի հաստաբուն ուռենիի հովանու ներքո, հոսող առվակի ափի մոտ: Այդ ուռիները ամառնային տոթերի Ժամանակ խիստ զով պատսպարան են բնակիչների համար, մանավանդ նրանց, որոնք իրանց բակերում պարտեզներ չունեն: Ուռենիի ներքո միայնակ նստելը նույնպես ձանձրացրեց ինձ: Վեր կացա և սկսեցի փողոցի երկարությամբ գնալ դեպի Այգեստանի զանազան կողմերը:

Զարմանալի ինքնուրույնություն է ներկայացնում այստեղ