Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/213

Այս էջը հաստատված է

կյանքը։ Տարվա այդ եղանակում մարդիկ համարյա ապրում են և գործում փողոցի վրա։ Ահա հյուսնը իր տան դռան հանդեպ արոր է շինում։ Նրա փոքրիկ երեխաները մեծ փութով հավաքում են տաշեղները և մրջիմի նման կրում են դեպի տուն վառելիքի համար։ Մի խումբ մարդիկ, մերկ գետնի վրա նստած, նայում են, թե ինչպես է բանում հյուսնը։ Մեկը աշխատում է, շատերը անգործ մտիկ են անում նրա վրա։ Փոքր-ինչ հեռու, հարթ գետնի վրա, ածուխով ինչ-որ աղյոսակներ են գծել, քառանկյունիների վրա շարած են փոքրիկ գույնզգույն խիճեր. երկու մարդիկ այդ խիճերով «գայլ ու ոչխար» կոչված խաղն են խաղում, մի քանիսը նայում են նրանց խաղի վրա։ Ահա այնտեղ, փողոցի մի անկյունում, մի ծառի տակ, նույնպես գետնի վրա, թափառական ոսկերիչը սարքել է իր շարժական քուրան և փուքսերը։ Բազմաթիվ կանայք ու աղջիկներ շրջապատել են հայ արհեստավորին։ Մեկը ինչ-որ զարդ է շինել տալիս, իսկ մյուսները մեծ կարոտությամբ նայում են։ Փոքր-ինչ հեռու, նույնպես մի ծառի տակ, մանրավաճառ չարչին բաց է արել իր խայտաճամուկ վաճառքները։ Նա ևս գլխավորապես գործ ունի կանանց հետ, որոնք տալիս են իրանց ձեռագործները և փոխարենը գնում են զանազան իրեղեններ։ Նա չէ մերժում, երբ տան երեխան գողանում է իրանց հավերից մեկը, բերում է նրա մոտ և մի պատառ մաստաք է առնում։ Առևտուրը կատարյալ նահապետական է. մի նյութ փոխվում է ուրիշ նյութի հետ։ Անցնելով այդ բոլորից, փողոցի երկարությամբ ես շարունակում էի գնալ։ Կանանցից շատերը, չդիմանալով ներսի տոթին, դուրս էին բերել իրանց մանուկների օրորոցները, դրել էին ուռենիների ներքո, հոսող առվակի ափի մոտ, և իրանք նստած օրորոցների մոտ, ոտքով օրորում էին և ձեռքով կար էին կարում։ Դրանցից երբեմն լսվում էին երգի խուլ ձայներ, որ նման էին թախծալի հառաչանքների։ Դրանցից շատերն այն դժբախտ մայրերն էին, որոնց ամուսինները մաշվում էին պանդխտության մեջ։ Մի քանի դռների հանդեպ, ծառերի տակ, պառկեցրել էին հիվանդներ, որոնց գլուխը և կուրծքը պատած էին ուռենու տերևներով, զովացնելու համար։ Հիվանդների մոտ նստած էին դեռահաս աղջիկներ և դալար, սաղարթախիտ ոստերով զով էին տալիս նրանց երեսներին և քշում էին ճանճերին։ Տարվա եղանակը ազդել էր և Սիմոն պատվելիի վրա, նա ևս իր շարժական դպրոցը դրա համար դուրս էր բերել փողոցը և աշակերտներին շարքերով նստացրել էր ծառերի տակ, մերկ գետնի վրա։ Փոքրիկ ուսանողները ավելի նայում