Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/22

Այս էջը հաստատված է

համեմատությունն էի անում, երբ վերադարձավ Ասլանը։ Նրան տեսնելով, ես մտա սենյակը։

— Ես չկամեցա քեզ զարթեցնել, լավ է, որ վեր ես կացել,— ասաց նա բժշկի եղանակով, որ մի անծանոթ հիվանդի մոտ այցելություն է գործում։— Մոտ եկ, տեսնեմ։

Ես մոտեցա։ Նա սկսեց քննել իմ կոկորդը։

— Փոքր-ինչ ուռուցք է գոյացել, բայց շուտով կանցնի,— ասաց նա, տալով ինձ մի ինչ-որ հեղուկ և մի օծանելիք, և պատվիրելով, որ առաջինով ներսից ողողեմ կոկորդս, իսկ երկրորդը դրսից քսեմ։

— Այդ քաղաքում բժշկությունը նախ իմ վրա փորձեցիր,— նկատեցի ես ծիծաղելով։

— Ո՛չ, այս րոպեիս մի հիվանդի մոտից եմ գալիս,— պատասխանեց նա իր սովորական սառնությամբ,— բայց խեղճը հազիվ թե կապրի։

Նա վեր առեց իր եվրոպական լայնեզր գլխարկը և հեռացավ՝ պատվիրելով ինձ հանգիստ մնալ և տնից դուրս չգալ։ Ես մնացի սենյակի մեջ միայնակ։

Երևում էր, որ վարպետ Փանոսը տանը չէր, եթե ոչ նա կգար ինձ տեսնելու։ Որդու փոխարեն եկավ մայրը։ Դա այն ճարպիկ, լեզվանի և աչքաբաց կանանցից մեկն էր, որ իր ընդունակություններով սքողում է, մոռացության է տալիս տղամարդի անունը, և ամբողջ զավակները հասարակության մեջ ճանաչվում են միայն մոր անունով։ Նրան կոչում էին Սանամ, և վարպետ Փանոսը մոր անունով կոչվում էր Սանամի տղա։

Նա մոտեցավ ինձ այս խոսքերով,

— Լսեցի հիվանդ ես, որդի, ո՞ր տեղդ է ցավում, որդի, ասում են, կոկորդդ ուռել է. սուրբ տիրամայրը փարատություն տա։ Ես հիմա կլավացնեմ, մի վախիր, հենց որ մատս դնեմ մի քիչ հոսի տամ, աստծո շնորհիվ կլավանա։ Անցյալ օրը մեր հարևանի տղան էլ այսպես էր, հենց որ ձեռքս դիպավ, իսկույն լավացավ։

Պառավն էլ ուզում էր նորից խեղդել ինձ։ Ես, իհարկե, քաղաքավարությամբ մերժեցի նրա բժշկական հնարները, հայտնելով, որ բոլորովին առողջ եմ զգում ինձ։ Բայց նա դարձյալ չհանգստացավ զգուշացնելով ինձ, թե քաղաքում «կապույտ հազ» կա, շատերի կոկորդը ուռչում է, շատերը մեռնում են, և միայն չափահասներն ազատվում են այդ «պատուհասից», իսկ երեխաների