Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/224

Այս էջը հաստատված է

Էր, այսինքն բաղանիքներում ծառայող։ Պետք է Պոլսի անբարոյական բաղանիքները տեսած լինել, պետք է նրանց գաղտնիքներին տեղյակ լինել, որ կարելի լինի հասկանալ, թե ո՞րքան ստոր և անամոթ ծառայություն է կատարում քիսաջին։ Այստեղ մի լավ ընտանիքից աղջիկ են տալիս այդ քիսաչուն, այդ աղային։ Շուտով հարսանիք պիտի անե։ Պոլսից բերած փողերը կծախսե, կրկին պարտքերի տակ կընկնի, և մի քանի ամսից հետո, խեղճ կնոջը անտեր թողնելով, կրկին կգնա Պոլիս, կրկին կմտնե բաղանիքը։

Հեռվից երևաց տեր Եղիշեն։

— «Ֆարմասոնը» գալիս է, — ասացին միմյանց երեցփոխանը և թաղական խորհրդի անդամը։

— Ի՞նչ է «ֆարմասոն»,— հարցրի ես։

— Անհավատ մարդ է,— պատասխանեց երեցփոխանը։— Դա մեր թաղում աղջիկների դպրոց էր բաց արել, հավաքվեցանք, քանդեցինք։

Արհեստավորը ոչինչ չխոսեց։ Տեր հայրը մոտեցավ, և ինձ տեսնելով, ամենևին ծանոթություն չտվեց, չնայելով, որ անցյալ գիշերը Ասլանի հետ նրա տանն էինք։ Նա ողջունեց և նստեց մեզ մոտ։ Երեցփոխանը և թաղական խորհրդի անդամը իսկույն վեր կացան և հեռացան, որպես ժանտախտից։ Արհեստավորը մնաց։ Տեր հայրը նրա առողջությունը հարցնելուց հետո դարձավ դեպի ինձ։

— Դուք, երևի, օտար երկրից եք, պարոն։

— Այո՛, այն եվրոպացի բժշկի թարգմանն եմ,— պատասխանեցի ես։— Տանը ձանձրացա, եկա այստեղ մի փոքր զովանալու։

— Լավ եք արել, որդի, մեր վանեցոց զվարճությունները կտեսնեք և նրանց կյանքի հետ կծանոթանաք։

Արհեստավորը իր ընդհատված նկատողությունները շարունակեց։

— Պետք է Պոլսում տեսնել այդ մարդկանց և այնտեղ ծանոթանալ վանեցու կյանքի հետ։ Տեսնո՞ւմ եք, այստեղ այսպես զուգված, զարդարված, անհոգ ման են գալիս, զվարճանում են, կարծես բախտից այլևս ոչինչ պահանջելիք չունեն, ամեն բարիքներով լի են։ Բայց Պոլսում կտեսնեք դրանց կեղտի մեջ կորած, պատառոտած հագուստներով, քաղցած, անգործ թափառում են, շատ