Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/225

Այս էջը հաստատված է

անգամ մուրացկանություն են անում։ Հենց որ մի պարապմունք կգտնեն և այնքան փող կվաստակեն, որ նրանով կարող լինեն ծովը անցնել և մի քանի ամիս իրանց տներում ապրել, — տեսար, իսկույն մի ձեռք նոր հագուստ կգնեն և ճանապարհ կնըկնեն։ Տանը նրանք անձնատուր են լինում վերին աստիճանի շռայլության, բոլորովին մոռանալով, թե որքան դժվարությամբ են վաստակել բերած փողերը։ Շատերը տարիներով Պոլսում ընկած են, որովհետև ծովը անցնելու փող չեն գտնում։ Պետք է շնորհակալ լինել, որ այդ օրհնյալ ծովը մեծ ծառայություն է անում մեզ։ Եթե նա մեջտեղում չլիներ բոլոր վանեցիք Պոլսում կլինեին։ Ցամաքը նրանք կարող են ոտքով անցնել, բայց ծովը անցնելու համար պետք է փող վճարել, իսկ այդ փողը գտնելը՝ հեշտ չէ վանեցու համար։ Նա պետք է ամեն ինչ գրավ դնե, որ իրան պետք եղած փողը տան։

— Մի՞թե Պոլսում այդ շռայլությունները չեն անում,— նկատեց տեր հայրը։— Այնտեղ էլ այդպես են։

— Այո՛, այդպես են։ Շատերը մոռանում են հայրենական տուն, աեղ, ընտանիք, և մինչև մահ մնում են այնտեղ։ Այդ թշվառների կյանքը ավելի ցավակցության արժանի է։ Օրերով, ամիսներով կաշխատեն, հենց որ մի քանի ղուրուշ ձեռք ձգեցին, բոլորը մի օրվա մեջ կվատնեն։ Այդ օրերում անկարելի է նրանց տեսնել կամ նրանց հետ խոսել։ Բոլոր անասնական կրքերը զարթած են լինում նրանց մեջ։ Նրանք սթափվում են այդ մոլեկան գրությունից այն ժամանակ միայն, երբ ղահվեջին նրանց լավ կողոպտում է և իր անբարոյական հիմնարկությունից դուրս է անում, որ ավելորդ տեղ չբռնեն։

— Ի՞նչ միջոցով են փող աշխատում,— հարցրի ես։

— Ամենաստոր միջոցներով։ Ես հասկանում եմ, երբ հսկա մշեցին կամ ուժեղ շատախցին գնում է Պոլիս։ Նրանք ընտրում են տղամարդի վայել աշխատություններ։ Խաներում, մաքսատներում, նավահանգստներում համալություն են անում և ահագին հակեր են տեղափոխում շոգենավերից, թուլումբաջի (հրդեհաշեջ) են դառնում և կրակի մեջ են մտնում. նավաստի են դառնում և ալիքների հետ են պատերազմում, մի խոսքով, ընտրում են այնպիսի պարապմունքներ, որի համար պետք էր մարմնի և սրտի ամրություն և ծայրահեղ անձնավստահություն։ Բայց երբ թուլամորթ, կանացաբարո վանեցին է գնում Պոլիս, ընտրում է պարապմունքների ամենամեղկը։ Դրանք ըստ մեծի մասին գնում են