Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/23

Այս էջը հաստատված է

մեջ մեծ կոտորած է պատճառում:— Այսուամենայնիվ, վերջացրեց նա իր խրատները,— զգուշությունը լավ բան է, և խորհուրդ տվեց այցելել իր որդու գործարանը։

Ես զարմանում էի, ի՞նչ փրկակար ազդեցություն կարող էր ունենալ ներկարարի գործարանը «կապույտ հազի» կամ մի կոկորդի ուռուցքի վրա։ Այդ մասին պառավը ոչինչ չբացատրեց ինձ։ Իսկ ես հետևեցի նրա խրատին միայն այն մտքով, որ առիթ ունենամ տեսնելու գործարանը։

Երբ պառավի հետ ցած իջանք սանդուղքներից, բակում մեզ հանդիպեց վարպետ Փանոսի կինը։ Նրա երեխաները մինը— տղա, մյուսը աղջիկ— մոր փեշիցը բռնած, տրտնջում էին և ինչ-որ ուզում էին։ Ինձ տեսնելով, երկուսն էլ շնորհալի դեմք ընդունեցին։ Ո՞րքան գեղեցիկ էին այդ մի զույգ հրեշտակները, կայտառ, առողջ և մաքուր։ Երեխայի մաքրությունից կարելի է գաղափար կազմել և մոր մաքրասիրության մասին։ Վարպետի երրորդ որդին, բոլորից մեծը, գրքերը թևի տակ առած, տանից դուրս էր գնում: Երևի գնում էր մի տեղ սովորելու։ Երբ նա հեռացավ, երկու փոքրիկները նորից սկսեցին տրտնջալ։ Նրանց մայրը մոտեցավ ինձ և գլխով լռությամբ ողջունեց։ Նա թեև չխոսեց իմ հետ, բայց իմ հասակին նայելով, երեսը չծածկեց։ Ճակատը զարդարված էր ոսկիներով, իսկ պարանոցը և կուրծքը՝ մարջանի խոշոր շարքերով։ Այդ բոլորը մի առանձին փայլ էր տալիս նրա սիրուն, համակրական դեմքին։ Ժիր տան տիկնոջ հատուկ սովորությամբ՝ նա իր բավական նուրբ գործվածներից պատրաստված զգեստների վրա հագել էր լայն, երկար, կարմիր շապիկ, որ իջնում էր մինչև ոտները։ Այդ հագնում են գործի ժամանակ, որ մյուս հագուստները չկեղտոտվին։

— Ինչո՞ւ չես խոսում,— հարսին իրավունք տվեց պառավ սկեսուրը,— դա էլ քո եղբայրն է։

Հարսի բերանը դարձյալ չբացվեցավ, որովհետև քաղաքավարությունը պահանջում էր, որ ես սկսեի խոսակցությունը։ Բայց ես կին տեսած չլինելով, կանանց հետ խոսելու ամենևին շնորհք չունեի։ Որոնում էի մի բան՝ ասելու համար։ Երեխաների տրտունջը ազատեց ինձ, նյութ տվեց իմ խոսակցությանը։ Ես հարցրի։

— Ինչո՞ւ են տրտնջում դրանք։

— Ուզում են եղբոր հետ գնալ։

— Կարդալո՞ւ։