Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/254

Այս էջը հաստատված է

վայելել էինք այնքան հյուրասիրություն, այնքան հարգանք և այնքան անկեղծ բարեկամական սեր։

Արևի երեկոյան ճառագայթները դեռ շողշողում էին մինարեթների բարձր կիսալուսինների վրա, դեռ մոլլան «ագան» չէր տվեք, երբ քարավանը ճանապարհ ընկավ քաղաքի պարիսպների մոտ գտնված «Չայիր» կոչված մարգադաշտից, ուր բանակ էր դրել նա, մինչև կհավաքվեին բոլոր ճանապարհորդները։

Այստեղ մենք վերջին անգամ հանդիպեցինք մուսուլցի թումաջի վաճառական խոջա Թորոսին, որ մի կողմում կանգնած, խոսում էր քարավանի պետի հետ։ Տեսնելով մեզ, նա մոտեցավ։

— Բարո՜վ, պարոն բժշկապետ, դուք արդեն գնո՞ւմ եք,— հարցրեց նա, ձեռք տալով։

— Գնում եմ, խոջա Թորոս,— պատասխանեց Ասլանը։— Դուք այստեղ ի՞նչ եք շինում։

— Վաճառականի գործը ի՞նչ կլինի․ բամբակի բեռներ ունեի բաղեշ ճանապարհ գնելու, եկա, հանձնեցի քարավանին։ — Դուք Բաղեշ կհանդիպե՞ք, պարոն բժշկապետ։

— Անպատճառ։

— Իսկ Մո՞ւշ։

— Նույնպես

— Ուրեմն, եթե չեք մերժի իմ փոքրիկ ծառայությունը, ես կտամ ձեզ երկու հանձնարարական նամակներ, մեկը Բաղեշ, մյուսը Մուշ, այդ քաղաքներում ես երկու լավ բարեկամներ ունեմ, նրանք կարող են պիտանի լինել ձեզ։ Դուք, կարծեմ, հետաքրքրվում եք հնություններով, պարոն բժշկապետ։

— Այո՛, շնորհակալ եմ, խոջա Թորոս,— ասաց Ասլանը, ընդունելով նամակները և սեղմելով մուսուլցու ձեռքը։— Մնաք բարյավ, խոջա Թորոս։

— Հաջողությո՜ւն և բարի ճանապարհ, պարոն բժշկապետ,— ասաց նա և պինդ սեղմեց Ասլանի ձեռքը։

Մենք բաժանվեցանք։ Ընթերցող, դու խո չես մոռացել, թե ով էր այդ մուսուլցին իր արաբական ապարոշով և իր շիլ վարվռուն աչքերով...

Քարավա՜ն,— դա արևելքի շարժական կյանքն է. քարավան տեսնելով, կարելի է արևելքի կենդանի, գործունյա և եռանդոտ մասը տեսած լինել։ Նեղ ու անձուկ ճանապարհի երկարությամբ բռնել էր նա մի