Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/264

Այս էջը հաստատված է

մոտ, վարդենիների հովանիի տակ, կանաչ խոտերի վրա: Թագուհին, գիսակների երկար հյուսերը արձակած, սանրվում էր: Այդ միջոցին գաղտագողի կերպով մոտեցավ ծերունի նահապետը և, իմանալով, որ թագուհու հրապուրանքների բոլոր գաղտնիքը հուլունքների մեջն է, խլեց մանյակը, սկսեց փախչել դեպի ծովը: Զայրացած թագուհին, այնպես հերարձակ, վազեց ծերունու ետևից: Երբ չկարողացավ հասնել, իր անհնարին կատաղության մեջ, խլեց մի ահագին քարաժայռ և, գլխի երկար մազերին պարսատիկի ձև տալով, ժայռը դրեց նրա մեջ և նետեց ծերունու ետևից: Ժայռը չդիպավ և, անցնելով ընդարձակ տարածություն, ընկավ Արտամեդի մոտ, մի փոսի մեջ: Իսկ ծերունին վազելով հասավ մինչև Դատվանի ծովեզերքը, ձգեց ծովի մեջ կախարդական հուլունքները և երկիրը ազատեց հեշտասեր թագուհու խարդավանանքից: Արտամեդի երգիչները երգ հորինեցին և այն երգի խոսքերից իր գրքի մեջ ժլատ Խորենացին հիշում է երեք բառ միայն.«Ուլունք Շամիրամա ի ծով»:

Ասլանը, ցույց տալով ինձ հիշյալ քարաժայռը, ասաց.

– Դիմեցեք յուրաքանչյուր արտամեդցուն, նա այդ բոլորը կպատմե ձեզ: Զվարճալի Արտամեդը ստեղծել է երգիչներ, բանաստեղծներ, ինչպես զվարճալի Գողթնիքը: Բայց ո՞ւր են նրանց վաստակները: Ժողովրդի բերանում մնացել է միայն հին ավանդությունը: Ավելի քան չորս հազար տարվա ավանդությունը դեռ պահպանել է նա: Մի այդպիսի ավանդապահ ժողովուրդ երբեք չի մեռնի, և ա՛յդ է, որ նրան պահպանել է ժամանակների ամենածանր հարվածներից: Ով որ իր անցյալը չէ մոռանում, ներկայի մասին նա կարող է հոգալ: Նայեցեք մեր շուրջը, ամեն մի ժայռ, ամեն մի ավերակ, ամեն մի բլուր, ամեն մի աղբյուր և առվակ ձեզ մի բան կպատմե ամենահին անցյալից: Եվ այդ պատմությունների մեջ դուք կտեսնեք երկրի ու ժողովրդի անցյալ մեծությունը...

Հայրենի երկրի հիշատակները տեսնելիս, հայրենի երկրի ավանդությունների վրա խոսելիս, Ասլանին տիրում էր մի առանձին ոգևորություն, և նրա զգայուն սիրտը լցվում էր անսահման հոգեզմայլությամբ: Հնությունները և շրջակա տեսարանները նրան բոլորովին մոռանալ տվին, որ քարավանը անցել էր, և մենք բավական ետ էինք մնացել: Երբ հիշեցրի այդ, նա պատասխանեց.

– Կգնանք, կհասնենք, բայց քեզ հարկավոր է այդ բոլորը իմանալ: