Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/265

Այս էջը հաստատված է

Հայոց եկեղեցիների, մատուռների և զանազան սրբավայրերի ավերակներով լի է Արտամեդը: Նրանց խաչերով զարդարած քարերը, սրբապիղծ մահմեդականների տների շինվածքներին երկար տարիներ ծառայելուց հետո, տակավին մեծ մասը տխուր, սրտատոչոր կույտերով, մնում են իրանց տեղում: Բայց ինձ այնքան չէին գրավում այդ քրիստոնեական ժամանակների ավերակները. նրանցից շատ էի տեսած: Ինձ գրավում էին այն վիմափոր սենյակները, մեծ-մեծ այրերը, որ գտնվում էին ժայռերի մեջ: Նրանք իմ վրա մի անբացատրելի, խորհրդավոր ազդեցություն էին գործում: Ինձ գրավում էին երկու ահագին ժայռեր, որոնց ճակատը պատած էր բևեռագիր արձանագրություններով: Ո՜րքան դարեր էին սահել այդ հնությունների վրա, որքա՞ն ազգեր եկել, անհետացել էին, իսկ նրանք տակավին մնում էին:

Արտամեդում լինել և Արտամեդի հոտավետ, անուշահամ խնձորը չուտել, դա մի հանցանք է: Երբ պատրաստվեցանք ճանապարհ ընկնելու, նկատեցի, որ մի փոքրիկ աղջիկ, ճանապարհի եզրում նստած, իր առջև դրել էր մի մաղ լի խնձորներով: Ես մոտեցա:

– Ծախո՞ւմ ես:

Նա գանգրահեր գլուխը շարժեց և, նստած տեղից չշարժվելով, նայեց իմ երեսին: Նրա թշերը կարմրեցան, ինչպես իր առջև դրած խնձորները:

– Ո՞րքան արժե:

– Հինգ փարա:

– Մաղն էլ հե՞տը:

– Չէ՛, ես էլ հետը:

Արտամեդուհին ցույց տվեց իր սրախոսությունը:

Հինգ փարա, գիտե՞ք որքան է, երկու կոպեկ: Մի ամբողջ մաղ լի խնձորներով` երկու կոպեկ: Իմ թաշկինակը հազիվ կարողացավ վեր առնել քառորդ մասը, մնացածը թողեցի:

– Տո՛ւր նրան մի բան ավելի, – ասաց Ասլանը, – երևում է, որ շատ աղքատ է այդ սիրուն աղջիկը:

Երբ ստացավ ինձանից մի արծաթյա հինգ ղուրուշանոց, մոտեցավ Ասլանին, խնդրում էր նրա ձեռքը համբուրել:

– Մեր կողմերում տղամարդիկ են համբուրում աղջկա ձեռքը, – ասաց Ասլանը և նրա ձեռքը սեղմեց իր շրթունքների վրա:

Աղջիկը ժպտաց և շնորհակալությամբ հեոացավ: Նրա գեղեցիկ մարմինը երևում էր քրքրված ցնցոտիների ճեղքերից: