Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/269

Այս էջը հաստատված է

— Օրհնած, երեսուն տարի է, որ տան ծածկի տակ չեմ մտել, իմ անասունների հետ միշտ ձորերում, լեռներում , անապատների մեջ եմ կյանք վարել և իմ մխիթարությունը միայն այդ վրանի մեջ եմ գտել։

Արթինը դժբախտ էր և որպես ամուսին, կնոջը անհավատարմության համար արձակեց, իսկ նրանից ծնած միակ որդին մեռավ ծաղիկ հիվանդությունից։ Այնուհետև նա վճռեց չամուսնանալ, միշտ ատելով կանանց, թե «նրանք մի դառն պատիժ են տղամարդի համար», և իր բոլոր սերը դարձրեց իր ջորիների վրա։

— Բայց պետք է գիտենաք,— ասաց նա, շարունակելով իր առաջին խոսակցությունը,— որ այդ վրանը ոչ այնքան ինձ համար է, որքան իմ ուղևորների համար։ Տոթի և անձրևի ժամանակ շատերը այստեղ պաստպարան են գտնում։

— Ինչպես մենք,— ընդմիջեցի ես։ — Եվ դուք ամենին կերակրո՞ւմ եք։

— Պատահում է, երբ աղքատ են լինում և ուտելու ոչինչ չեն ունենում։ Շատ անգամ ևս հիվանդներ եմ ունենում,— նրանց խնամք է հարկավոր, հանգստություն է հարկավոր, մինչև տեղ հասցնեմ,— այսպիսիների համար իմ վրանը միշտ պատրաստ է։

Ընթրիքից հետո Ասլանը հարցրեց.

— Ի՞նչպես են ճանապարհները։

— ճանապարհները միշտ վատ են,— ասաց նա,— ե՞րբ է եղել մի ժամանակ, որ ճանապարհները լավ լինեին։ Ահա հենց այստեղ, ինչպես տեսնում եք, բնակություններից շատ հեռու չենք։ Անգղ գյուղը կես ժամի ճանապարհով միայն հեռու է մեզանից, բայց դարձյալ ամենավտանգավոր տեղերից մեկն է։ Եթե դուրս գաք, կտեսնեք, որ ամեն մի ժայռի ետևում, ամեն մի փոսի մեջ, ամեն մի թուփի տակ մի-մի ավազակ է թաքնված։ Մի քանի րոպե առաջ բռնեցին մեկին, և ի՞նչ եք կարծում, կին էր, քրդի կին։

— Դա շատ հետաքրքիր է։

— Այդ անիրավները ավելի վտանգավոր են, քան թե իրանց ամուսինները, մութի մեջ, գետնի վրայից սողալով, մոտենում են քարավանին, ինչպես աղվեսը մոտենում է հավաբունին, հետո սատանայի նման կուչ են գալիս մի հակի տակ, սուր դանակով կտրում են հակը և մեջի եղածը տանում են։ Անկարելի է տեսնել նրանց։

— Իսկ դուք ի՞նչ արեցիք ձեր բռնած գողին,— հարցրի ես։