Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/271

Այս էջը հաստատված է

շինում տղերքը, իսկ դուք կարող եք այստեղ հանգստանալ։ Ձեզ համար ամեն ինչ պատրաստել են։

— Առավոտյան հարկավոր են երկու լավ ձիավորներ,— ասաց Ասլանը։— Ես պետք է քարավանից առաջ ընկնեմ, մի քանի տեղեր տեսնելու համար։

— Ես կտամ քեզ իմ մարդիկներից երկու այնպիսի ձիավորներ, որոնց մեկը հարյուրի պատասխան կտա,— խոստացավ նա և, բարի գիշեր ասելով, հեռացավ։

Ասլանը այս գիշեր սովորականից վաղ քնեց. Վանի մեջ կատարած ծանր աշխատություններից հետո, այդ առաջին գիշերն էր, որ նա հանգստանում էր։ Տեր աստված, ի՞նչ էր նրա դրությունը, մի տենդային դրություն, մի սաստիկ լարված մեքենայի դրություն, որ հանգիստ և դադարում չունի։

Ես դեռ պառկած էի իմ անկողնի մեջ, քունս չէր տանում. իմ աչքերի առջև դեռ նկարված էր Թոխմախ-Արթինի թավամազ դեմքը իր մռայլ կերպարանքով և սև, վարվռուն աչքերով։ Այդ մարդը պարծենկոտ չէր. ինչ որ խոսում էր նա, ինչ որ պատմում էր, բոլորը ճշմարիտ էր։ Նա, իրավ, քաջ մարդ էր։ Ես հետո առիթ ունեցա շատ բաներ լսել նրա մասին, որոնց բոլորի մեջ փայլում էր նրա անհամեմատ արիությունը։ Քարավանի պետը չէ կարող երկչոտ լինել, երբ միշտ վտանգների հետ կռիվ ունի։ Բայց նա ավելի քան արիասիրտ էր։ Նա ընդունակ էր մի ամբողջ զորագունդ կառավարելու։ Նա զուրկ չէր և մարդասիրական զգացմունքներից. ամեն դեպքում ես նկատում էի նրա ունեցած մեծ հակումը դեպի բարին և դեպի լավը։ Այդ պարապմունքի մեջ, որպիսին նա ուներ, պահպանել այնպիսի մաքուր բնավորություն,— դա ինձ զարմացնում էր։ Բեռնակիր ձիապանները, ջորեպանները անդադար գործ ունենալով անասունների հետ, այնքան կոպտանում են, որ մի աստիճան միայն բարձր են լինում անասուններից։ Բայց նա ջորեպանությունից համարյա մի արհեստ էր շինել և այնքան կատարելագործել էր, որ ես մեծ զարմանքով էի տեսնում այն կարգը, այն կանոնները, որ տիրում էին նրա քարավանի մեջ։

Լապտերները հետզհետե մարում էին, ուղևորների շարժողությունը դադարում էր և քարավանի մեջ տիրում էր խորին լռություն։ Միայն գետի մելամաղձոտ ձայնն էր լսվում և այն ձայնի մեջ կարծես ես կարդում էի քառասունհինգ դար առաջ այստեղ կատարված անցքերի պատմությունը ․․․