Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/283

Այս էջը հաստատված է

կեռ թուրը կշտից քարշ ընկած, մի խոսքով, կատարյալ զինավառության մեջ, այդ ձիավորները, իմ վրա այն տպավորությունն էին գործում, որ կա՛մ կռվելու են գնում, կա՛մ վերադառնում են կռվից․ նրանք կասկածավոր կերպով նայում էին մեզ վրա, ողջունում էին ու անցնում։

— Դրանք ավազակնե՞ր են,— հարցրի մեր առաջնորդներից մեկին։

— Ի՞նչ է նշանակում ավազակներ,— ժպտալով պատասխանեց նա,— ամեն մի քուրդ ավազակ է, որովհետև դա նրա արհեստն է։ Դրանք, որ անցան և որոնց նորից կհանդիպենք, հասարակ ճանապարհորդներ են։ Եթե ճանապարհին իրանց ատամի համեմատ մի որս կպատահի, կկողոպտեն և կանցնեն, իսկ եթե նկատեն, որ որսը հեշտությամբ կեղեքել չեն կարող, կողջունեն ու այնպես կանցնեն։

— Ուրեմն դրանք մեզ կկողոպտեին, եթե մենք զենքեր չունենայինք։

— Անպատճառ։

— Առաջնորդի խոսքերը ինձ բոլորովին հանգստացնել չկարողացան, երբ հանկարծ մտաբերեցի նապաստակը, այն չարագուշակ նապաստակը, որ մեր ճանապարհը խաչաձև կտրելով անցավ։ Ես մտածում էի, որ անպատճառ մի դժբախտություն կպատահի։ Երբեմն պատահում էին քրդուհիներ, որոնք խմբով, կամ միայնակ դիմում էին դեպի մերձակա լեռների ստորոտներր, ուր գտնվում էին նրանց չադրները։ Ցավալի է նայել այդ թշվառների վրա։ Պատառոտած հագուստով, բոբիկ ոտներով գնում էին նրանք տատասկներով պատած ճանապարհով, որը հաճախ երթևեկության ուղիղ չլինելով, ավելի մի նեղ շավիղի էր նմանում։ Նրանցից յուրաքանչյուրը ծանրաբեռնված էր չորացած թուփերի ու արմատների շալակներով, որ քաղել էր մերձակա բլուրներից, տանում էր վառելու համար։ Ամուսինները այնպես փառավոր նժույգների վրա նստած, իսկ կանայք այդպես ողորմելի, հեծում էին ծանր բեռների ներքո։ Ես կրկին դարձա դեպի մեր առաջնորդը։

— Դրանք ո՞րտեղացի են։

— Քրդի համար կարելի՜ է ասել որտեղացի է։ Խաշնարածներ են, այսօր այստեղ են, էգուց կտեսնեք նրանց՝ տասն սարերի այն կողմում։

Չնայելով, որ արևը բավական թեքվել էր և երեկոյան ժամը մոտենում էր, բայց օդը դեռ բոլորովին չէր զովացել։ Ծարավը