Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/284

Այս էջը հաստատված է

այրում էր ինձ. մի կաթիլ ջրի համար հոգիս կտայի, բայց դեռ շատ հեռու պիտի գնայինք, մինչև ջրի կհասնեինք։

— Ես հետս Արտամեդի խնձոր ունեմ վերառած,— ասաց մեր առաջնորդը,— դա կզովացնե։

Նա կանգնեցրեց իր ձին, ցած իջավ և խուրջինի միջից հանեց մի քանի հյութալի, թթվաշ խնձորներ, տվեց ինձ։ Այդ միջոցին քրդուհիները հասան մեզ։ Ես դանակով կեղևը կճպում էի և մեծ ախորժակով ուտում։ Իսկ խեղճ կանայք գետնից հավաքում էին հողի վրա թափված կեղևները և նույն ախորժակով ուտում էին։ Նրանց համար այդ անուշեղենը այնքան հրապուրիչ էր, որ չնայելով իրանց շալակների ծանրությանը, վազ էին տալիս մեր ձիաների ետևից։ Այդ տեսնելով, երիտասարդը տվեց նրանց մի֊մի խնձոր։ Անկարելի է նկարագրել նրանց ուրախությունը։

— Դու քա՞նի սիրող ունես,— հարցրեց մեկից։

— Ես ամուսին ունեմ,— ծիծաղելով պատասխանեց քրդուհին,— բայց սիրողներ դա՛ շատ ունի, հողեմ դրա գլուխը։ Վերջին խոսքերի հետ նա ձեռքով խփեց իր ընկերուհիներից մեկի գլխին, որ դեռ ամուսնացած չէր։

— Իսկ ուրիշի սերը երբեք չե՞ս գողանում»

— Գողանում եմ, երբ ամուսինս ինձ ծեծում է։

— Քանի ոչխար ունեք։

— Հինգ հարյուր։

— Հինգ հարյուր ոչխար ունեք և դու այդպես շալակով ցախ ես կրում։ — Ի՞նչ անեմ, եթե չկրեմ, ամուսինս ինձ դուրս կանե և մի ուրիշին կբերե։

Մենք անցանք։

— Մի՞թե քրդուհիները այդպես թեթև բարք ու վարքի տեր են,— հարցրի երիտասարդից։

— Չի կարելի ասել բոլոր ցեղերի համար։ Բայց այդ ցեղը ինչ-որ բոշաների խառնուրդ է։ Ընդհանրապես խոսելով, օրիորդը ավելի ազատ է քրդերի մեջ, քան թե ամուսնացած կինը, որ տեր ունի և մեկի սեփականությունն է համարվում։

Հեռվից, Արտոս լեռան ստորոտում, սև բծերի նման երևում էին մի խումբ վրաններ։ Արևի երեկոյան ճառագայթները թափել էին այդ վրանների վրա շեկ֊ ծիրանագույն լույս։ Ինձ թվում էր, որ հրդեհի մեջ այրվում էին նրանք։ Արևը մտավ, երբ հետզհետե պատեց խավարը, ամեն ինչ կորավ, և գեղեցիկ երևույթը ընկղմեցավ