Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/285

Այս էջը հաստատված է

անվերջ մթության մեջ: Այժմ այնտեղից նշմարվում էին կրակի նշույլներ, որոնք փարոսի նման ձգում էին մեզ դեպի իրանց կողմը:

Ասլանը ինձ պատմեց, որ այնտեղ բնակվում է քրդերի մի նշանավոր շեյխ, որ մեծ ազդեցություն ունի բոլոր ցեղերի վրա, որին համարյա պաշտում են և մարգարեի հավասար հարգանք են մատուցանում: Բոլոր քրդերը նրա գլխովն են երդվում. «Շեյխի գլուխը վկա»` դա ամենամեծ երդումն է նրանց մեջ: Այն օրը, որ նա բաղանիք է մտնում, բաղանիքի ջուրը քրդերը բաժանում են իրանց մեջ և սրսկում են մորուքների վրա, որպես օրհնած ջուր: Ամուլ կանայք նրա ոտքերի հետքերից փոշին հավաքում են ինչ-որ կախարգական արարողություններ են կատարում, որ զավակ ունենան:

– Բայց նա չափազանց մոլեռանդ է և քրիստոնյաների թշնամի, – ավելացրեց Ասլանը: – Նրա ատելությունը դեպի քրիստոնյաները այն աստիճանի է հասնում, որ իր վրանից դուրս գալու ժամանակ, երբ կամենում է մի տեղ գնալ, դեմքը քողարկում է, որ «գավուրները» նրա սրբազան երեսը չտեսնեն: Ո՜րքան վանքեր է քանդել տվել, ո՜րքան հայոց գյուղորայք է այրել. քրիստոնյաներին ոչնչացնելը նրա ամենասիրելի բաղձանքն է:

– Այստեղ ի՞նչ է շինում:

– Պարսից հետ ինչ-որ ընդհարումներ է ունեցել, այդ պատճառով հեռացել է սահմանից, եկել է այստեղ:

– Ո՞րպիսի ընդհարումներ:

– Մի քանի ամիս առաջ նա մի արշավանք կատարեց դեպի ՈՒրմիո լճակի հարավ-արևմտյան կողմերը և ասպատակեց մի քանի գավառներ:

– Մի՞թե այդքան ուժ ունի:

– Մի օրվա մեջ կարող է տասն կամ քսան հազար ձիավորներ զենքի կոչել:

– Նրա իսկական բնակության տեղը ո՞րտեղ է:

– Զաբ գետի հովիտը, որ այլ անունով կոչվում է Նեհրի, Աղբակից և Ջուլամերկից փոքր-ինչ հեռու: Այնտեղ ընդարձակ կալվածքներ և շատ գյուղեր ունի. բավական հարուստ մարդ է:

– Երևի այդ հարստությունը բոլորը հափշտակությամբ է դիզել:

– Անտարակույս:

– Եվ դու գնում ես մի այդպիսի չարագործի մո՞տ:

– Ես նրա մոտ չեմ գնում, ես մի ուրիշին պետք է տեսնեմ: