Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/290

Այս էջը հաստատված է

բացի գրքերից։ Հատակը ծածկված էր հասիրով, որի վրա և՛ նստում էր, և՛ քնում էր նա։ Բայց ասում էին, որ նա խիստ հազիվ անգամ էր քնում:

Ներս մտավ մեր առաջնորդներից մեկը, հարցրեց Ասլանից, թե չէ՞ր կամենա ուտելու մի բան պատվիրել։ Այդ միջոցին տեղի ունեցավ մի սրտաշարժ տեսարան, երբ երիտասարդի և ծերունու աչքերը հանդիպեցան միմյանց, երբ մի քանի վայրկյան ապշած, զարմացած նայեցին միմյանց վրա,— երկուսն էլ որպես հայր և որդի, որոնք երկար ժամանակ միմյանց կորցրած են եղել, միմյանցից անջատված են եղել,— վազեցին, գրկեցին միմյանց և, մի քանի անհասկանալի հառաչանքներ արձակելով, մարեցան միմյանց կուրծքի վրա։

— Քավոր Պետրոս․․․— ձայն տվեց երիտասարդը։ — Ա՜խ, Մուրադ․․․ սիրելի Մուրադ․․․— լսելի եղավ ծերունու դողդոջուն ձայնը։

Ես մնացել էի շվարած, չգիտեի ինչո՜վ բացատրել այդ հոգեզմայլությունը։ Ինձ զարմացրեց առավել այն, որ երկուսն էլ խոսեցին հայերեն լեզվով, քանի որ, մինչև երիտասարդի ներս մտնելը, «գուշակողը», քրդերի աբեղան, խոսում էր Ասլանի հետ քրդերեն լեզվով։

Ասլանը մնաց սառն և անխռով։ Նա բժշկի հոգածությամբ, միգուցե ծերունուն հարվածք պատահի, բաժանեց նրանց միմյանցից և օգնեց ծերունուն նստել իր տեղը։

Երիտասարդը դարձյալ բաց չէր թողնում ծերունուն, համբուրում էր նրա ալևոր գլուխն ու ձեռքերը, համբուրում էր նրա այրած, խաբած ճակատը, անդադար կրկնելով.

— Տե՜ր աստված․․․ ո՜վ կսպասեր...

— Մուրադ, սիրելի զավակս խոսեց ծերունին, երբ փոքր-ինչ հանգստացավ,— դու դարձյալ գտնում ես ինձ մի պախարակելի դերի մեջ և իրավունք ունես մտածելու, որ հին խաչագողը, հին չարագործը, տակավին չէ ուղղվել... Ա՜խ, եթե գիտենայիր թե ի՞նչ հանգամանքներ հարկադրեցին ինձ այդ ամոթալի խարդավանքը հանձն առնել, դու կներեիր ինձ, դու բարի ես, Մուրադ, դու կներեիր ինձ...

— Եվ կսիրեր ձեզ...— ավելացրեց Ասլանը։

Երիտասարդը կրկին ասեց ծերունու աջը և, իր շրթունքներին սեղմելով, ասաց.

— Այո՛, կսիրեի ձեզ... և սիրում եմ... Ես այժմ հասկանում