Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/299

Այս էջը հաստատված է

կբերեն նրա համար,— խոստանում են արծաթապատ զենքեր, ոսկենկար հագուստներ, հրեղեն ձի և այլն, և մայրական ջերմ բաղձանքներով լի երգի յուրաքանչյուր տունը վերջանում է հետևյալ հարց ու պատասխանով.

«Դու՞ք բերեմ, դու՞ր բերեմ, —»
«Ի Վանա, Ոստանտ բերեմ»:

(Որտեղից կբերեմ, ո՞րտեղից կբերեմ,— խոստացած առարկան,— Վանից, Ոստանից կբերեմ)։

Այդ երգը գոյություն է ունեցել Ոստանի փառավոր անցյալի հետ, այդ երգը լսելով, ես միշտ երևակայում էի Ոստանը մի մեծ վաճառաշահ քաղաք, որ լի էր աշխարհի բոլոր բարիքներով։ Բայց երբ հասանք, երբ իմ առջև ներկայացավ ավերակների մի տխուր տեսարան, ես բոլորովին հիասթափ եղա իմ մանկական փայլուն երագներից։ Ոստանում ոչինչ չէր մնացել։ Մի քանի ողորմելի խրճիթներ միայն երևում էին ձորի մեջ, որոնց մեջ բնակվում էին նույնքան ողորմելի բրդեր։

Ի՞նչ նպատակով բերեց մեզ այստեղ Ասլանը,— մտածում էի ես, մի՞թե միշտ պետք է ավերակներ տեսնենք, մի՞թե այդ երկրում չկար մի բան, որ փոքր ի շատե մխիթարական լիներ։

Սարավանդի բոլորովին սպառվածքի վրա, որի ստորոտում ծփում էր ծովը, մենք ցած իջանք ձիաներից։ Այդ գագաթը իր բարձր դիրքով իշխում էր բոլոր շրջակայքի վրա։ Այստեղ էին թափված հին ամրոցի բեկորները, որոնց քարակույտը իմ վրա այն տպավորությունն էր գործում, կարծես դարերի կործանիչ սասանմունքից հետո, այժմ մի հսկայական քարեղեն կմախք իր վիթխարի գլուխը վեր էր բարձրացրել, տեսնելու, թե ի՞նչ էր կատարվել իր չորեքկողմում...

Ոստան կոչվում էին այն քաղաքները, որոնց մեջ կա՛մ թագավորի արքունիք կար, կա՛մ բարձր դիվան, ինչպես ոստանիկ կոչվում էին արքունիքում ծառայող ազնվականները: Այդ անունը ծագել է աս թան բառից, որ նշանակում է դուռն կամ շեմք։

Ոստանը Ռշտունյաց հզոր նախարարության մայրաքաղաքն էր։ Բայց իր անմատչելի դիրքի պատճառով, որ մի կողմից պատսպարված էր ծովով, իսկ մյուս կողմից չեռներով,— Ոստանը, միևնույն ժամանակ, ծառայում էր և որպես ամուր բերդ։

Ռշտունյաց լեռնային աշխարհը մի ժամանակ սնուցանում էր իր մեջ իր ժայռերի նման ամուր և անխորտակելի մի ժողովուրդ։