Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/30

Այս էջը հաստատված է

Վարպետ Փանոսի բարեկամությունը քրդերի հետ ոչ սակավ օգուտ էր բերում հայ գյուղացիներին։ Ինձ պատմում էին այսպիսի դեպքեր, պատահում էր, որ հայ գյուղացիներից մեկի կովը, եղը կամ ոչխարները գողանում էին քրդերը. բավական էր, որ գյուղացին գիտենար, թե իր անասունները ո՞ր ցեղի մեջ են տարել կամ ո՞վ է իր գողը։ Նա այլևս փաշային կամ մուֆթիին չէր դիմում գանգատվելու, ուղղակի գալիս էր վարպետ Փանոսի մոտ, հայտնում էր իր հետ պատահած անցքը։ Վարպետը ուղարկում էր նրան նույն ցեղի ցեղապետի մոտ, ուր տարել են կողոպուտը։ Գյուղացին գնում էր, ներկայանում էր ցեղապետին այսպիսի խոսքերով. «Իմ այս և այն անասունները գողացել են. ասում են, որ ձեր «գեղի» մեջն են բերել, ինձ ուղարկեց ձեր սպասին վարպետ Փանոսը, խնդրեց, որ գտնվի կողոպուտը։ Եթե, իրավ, գողացված անասունները այնտեղ էին տարված, իսկույն գտնում էին և հանձնում տիրոջը, իսկ եթե տերը սխալվել էր, նրան ցույց էին տալիս կողոպուտի տեղը (քրդերի մեջ ոչ մի գողություն գաղտնի չէ մնում)։ Տերը հայտնում էր ցույց տված տեղը՝ դարձյալ միևնույն խոսքերով, և ետ էր ստանում իր կորուստը։

Ինչ որ ավելի աչքի էր զարկում, այդ էր՝ հաճախորդների չափազանց հանձնարարություն կատարվում էր բերանացի պատվերներով: Բայց որպեսզի հավատային, որ ներկայացողը իսկապես նրա կողմից էր ուղարկված, նա սովորաբար տալիս էր նրա ձեռքը մի որևիցե նշան, օրինակ՝ իր դանակը, «տեր-ողորմյան», մորուքի սանդրը, վերջապես մի բան, որ տանողը ցույց էր տալիս՝ ասելով, «այդ էլ վարպետի նշանն է»։ Երբ ճանապարհների վրա քրդերը պատահեին մի հայ գյուղացու, բավական էր, որ նա ասեր, թե ես վարպետ Փանոսի մարդն եմ, այլևս նրան չէին դիպչի։ Իհարկե, այդ բոլոր հարգանքները վայելում էր վարպետը այն ցեղերի կողմից, որոնց հետ նա բարեկամական հարաբերությունների մեջ էր, իսկ թշնամի ցեղերը ոչ միայն հայերին, այլ նույնիսկ բրդերին կկողոպտեին, եթե նրանք օտար ցեղի էին պատկանում։ Գողությունը, հափշտակությունը, կողոպուտը քրդերի համար ապրուստի սովորական միջոցներից մեկն է։

Մի անգամ ես հարցրի վարպետ Փանոսից.

— Ի՞նչ միտք ունի քո այդքան բարեկամությունը քրդերի հետ, որոնց այդքան ատում ես։

Նա պատասխանեց հայկական առածով.