Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/300

Այս էջը հաստատված է

նրա նախարարները Հայաստանի հարավային սահմանապահ զորքերի սպարապետի պաշտոնն էին վարում: Այ պաշտոնը միայն Ռշտունյաց նախարարների արտոնությունն էր։

Ռշտունյաց աշխարհը տվել է մեզ երևելի հերոսներ, որոնք պատմության մեզ փայլուն անուն են թողել։ Այստեղից էր Բարզափրան սպարապետը, որ Տիգրան երկրորդի օրերում մի արշավանք գործեց դեպի Պաղեստին և, հռոմայեցոց հետ պատերազմելով, ջարդեց, հալածեց նրանց, հետո տիրեց երուսաղեմին։ Այնտեղ Անտիգոնոսին թաղավոր կարգեց հյուրկանոս քահանայապետի և, միևնույն ժամանակ, արքայի փոխարեն։ Այդ ձեռնտվության համար Բարզափրանը ստացավ Անտիգոնոսից, իբրև ընծա, հինգ հարյուր գեղեցիկ կին և հազար քանքար ոսկի։ իսկ Հյուրկանոս քահանայապետին իրեց բազմաթիվ գերիների հետ բերեց Հայաստան, բնակեցրեց Վան քաղաքում։

Այստեղից էր Մանաճիհը (Մանուչահը) քաջ նահապետը, որ Տրդատի և նրա որդի Խոսրովի ժամանակ հարավային զորքերի սպարապետ էր։ Այդ նահապետի օրերում ավելի սաստկացել էր այն խուլ կռիվը, որ սկսվեցավ Լուսավորչի ժամանակից և տևեց մինչև նրա վերջին ժառանգի` Սահակ Պարթևի օրերը։— Դա նոր հաստատվող քահանայապետական և նախարարական իշխանության կռիվն էր։ Դա հոգևոր իշխանության կռիվն էր, մի կողմից, և մարմնավոր իշխանության կռիվն էր, մյուս կողմից։ Հոգևոր իշխանությունը, հոգևոր ագահությամբ, աշխատում էր իրավունքներ, արտոնություններ, կալվածքներ ձեռք բերել, և սահմանափակել թե՛ թագավորի, թե՛ նրա նախարարների իշխանությունը։ Այստեղից ծագեց կռիվը։ Նրա սկիզբը դրեց Լուսավորիչը։ Եվ այդ կռվի մեջ զոհ գնացին՝ թե՛ ինքը Լուսավորիչը և թե նրա բոլոր ժառանգները` Արիստակեսը, Վրթանեսը, Հուսիկը, Ներսես Մեծը և Սահակը։ Իմ խոսքը Մանաճիհը Ռշտունու մասին էր։ Դա մի արշավանք է գործում դեպի Ասորեստան և սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի վիճակից բազմաթիվ գերիներ է բերում, նրա ութն սարկավագների հետ։ Ծերունի հայրապետը անձամբ գալիս է Մճիհրի մոտ, խնդրելու, որ արձակն գերիներին։ Բայց խստասիրտ Մանաճիհրը, փոխանակ նրա աղաչանքը լսելու, նրան ավելի վշտացնելու համար, հրամայում է գերիներից ութն հարյուր հոգի` հայրապետի ութն սարկավագների հետ նետել ծովը։ Ասլանը ինձ ցույց տվեց այն տեղը, ուր կատարվել էր այդ եղեռնագործությունը։ Դա Ոստանից ոչ այնքան հեռու մի ապառաժ հրվանդան էր,