Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/301

Այս էջը հաստատված է

որի բարձրության վրա գտնվում էր Մանաճիհրի Մանակերտ անունով բերդը։ Այդ բարձրությսւնից թափեցին ծովը խեղճ գերիներին։

Այստեղից էր Թեոդորոս Ռշտունին՝ յոթներորդ դարու հերոuը, որը արաբացոց անընդհատ արշավանքների ժամանակ, կայծակի նման Հայաստանի մի կողմից դեպի մյուսն էր թռչում, և հայոց արյան ծարավի արաբացոց հրոսակներին ջարդում էր, և երբեմն իր սուրը նենգավոր հունաց դեմ էր դարձնում։

Այստեղից էր հիշյալ Թեոդորոս իշխանի որդի Վարդ պատրիկը՝ հունաց ոխերիմ թշնամին, որը հունաց զորքերի Գայլ գետի շարժական կամուրջից անցնելու ժամանակ, կտրեց կամուրջի ծայրը, ամենքը հոսվեցան գետի մեջ, և մնացածներին կոտորել տվեց։ Հույները այն աստիճան բարկացած էին այդ քաջի դեմ, որ կենդանության ժամանակ չկարողանալով վնասել նրան, մեռնելուց հետո որոնում էին հանգուցյալի գերեզմանը, որպեսզի ոսկորներից վրեժխնդիր լինեն։ Բայց Հայոց-Ձորի երախտագետ ժողովուրդը, զգուշանալով հունաց չարությունից, Խորգում գյուղում, ծովի ափի մոտ, մի եկեղեցի կառուցին և քաջի մարմինը նրանում հանգուցին։ Այդ եկեղեցին ծածկեցին հողով և կազմվեցավ մի բարձր բլուր, որի վրա կառուցին մի այլ եկեղեցի։ Ոստանից փոքր-ինչ հեռու, Մահռաշտ բարձրադիր և զվարճալի գյուղում, մինչև այսօր նկատվում են Վարդ պատրիկի շքեղ ապարանքների ավերակները։ Այդ ծովեզրյա գյուղը քաջի ամառանոցն էր, իսկ Աղթամար կղզում գտնվում էր նրա հոր բերդը, որ հետո ժառանգեց որդին։

Գագիկ Արծրունին ավելի գեղեցկացրեց Ոստանը, նորոգելով և ամրացնելով հին բերդը, և իր համար փառավոր պալատներ կառուցանելով։ Այդ բոլորը մի աոանձին հիացմունքով նկարագրում է Վասպուրականի ոգելից պատմագիրը՝ Թոմա Արծրունին։ Իմ նկարագրությունը շատ անգույն կլիներ նրա գեղարվեստական գրչի առջև։ Ես թողնում եմ այդ, միայն մի բան չէ կարելի չհիշցնել, որ Ոստանը Ռշտունյաց գավառի ամուր բերդ լինելուց հետո էր միևնույն ժամանակ նրա վաճառաշահ քաղաքը։ Նա մի կողմից մոտ էր Դատվանի նավահանգստին, մյուս կողմից, այն մեծ քարավանի ճանապարհին, որ տանում է Վանից դեպի Մուշ և Բաղեշ։ Այդ էր պատճառը, որ Ոստանի հովիտը մի ժամանակ ուներ մինչև հարյուր հազար հայ բնակիչ։ Բայց տասնևհինգերորդ դարում Սկանդերբեկը, որ Հայաստանի մի մասին տիրելով, իրան կոչեց Շահարմեն (թագավոր հայոց) — բարբարոսը, Վան քաղաքը ավերակ դարձնելուց հետո, Ոստանն էլ բոլորովին անմարդաբնակ