Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/303

Այս էջը հաստատված է

զանազան անուշահամ բույսերով և սեր, որ երկու մատի հաստությամբ լավաշի ձև ուներ։ Հպարտ ազնվականը չկամեցավ պարտավոր մնալ մեզ և բերեց մեզ համար մի լավ նախաճաշիկ։ Մենք սկսեցինք ուտել։

— Դու է ո՞ր ցեղից ես, քիրվա՛,— հարցրեց Մուրադը։

(Չգիտեմ ինչո՞ւ հայերը սովորություն ունեն քրդերին դիմել քիրվա բառով, որ նշանակում է կնքավոր։)

— Վըռշիկների, — պատասխանեց քուրդը մի առանձին բավականությամբ։

— Վըռշիկների՞ — կրկնեց Մուրադը մի մեծ գյուտ արածի նման,— դու գիտե՞ս, քիրվա, որ քո նախնիքը հայեր են եղել։

— Ես այդ չգիտեմ,— պատասխանեց քուրդը վիրավորված եղանակով,— ես այդքանը միայն գիտեմ, որ իմ նախնիքը այդ բերդի տերերն էին։

— Հենց այդ բերդի տերերը հայեր էին։

Քուրդը դարձյալ չհամոզվեցավ և ցույց տվեց մեզնից հեռու մի քանի փառավոր մահարձաններ, որ ծածկված էին մատռաձև գմբեթների ներքո և ավելացրեց.

— Դրանք իմ նախնյաց շիրիմներն են։

— Այդ շիրիմներից շատ առաջ էին քո հայ նախնիքը ասաց Մուրադը, պնդելով իր խոսքը։ — Նրանք կոչվում էին Ռշտունիք և այդ երկիրր կոչվում էր Ռշտունյաց աշխարհ։ Այդ Ռշտունյաց նախարարներից առաք եկավ վռըշիկների քրդական ցեղը, ինչպես մեր Մամգունյան նախարարներից առաջ եկավ քրդերի մամըկանի ցեղը։ Եվ ուրիշ շատ քրդական ցեղեր կան, որոնք հայոց ծագումից են։

— Կարելի է,— պատասխանեց քուրդը կիսահամոզական եղանակով։— Մենք առաջ մի հոր որդի էինք և եղբայրներ էինք, բայց սատանան մեջ մտավ, երկպառակություն ձգեց, խառնեց նրանց լեզուները և միմյանց չհասկանալով, բաժանվեցան։

— Դու հայր Ադամի և Նոյի ժամանակների բանն ես խոսում, — ընդհատեց Մուրադը։

— Ես գիտեմ և մոտ ժամանակների գործը, ինչ որ իմ աչքով եմ տեսել, ինչ որ իմ ականջով եմ լսել,— խոսեց քուրդը, ցույց տայով իր հմտությունը։— Այդ ճշմարիտ է, մի ժամանակ պատկանում էր հայ իշխանների. այստեղ տիրում էր Ղարա-Մելիքների տոհմը։ Նրանք շատ բարեկամ էին մեզ հետ. մի մորից ծնված եղբայրները այնքան սիրով չէին լինի, ինչպես մենք էինք։