Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/304

Այս էջը հաստատված է

Մենք միասին էինք գնում թշնամու դեմ պատերազմելու, մենք միասին էինք բաժանում թշնամուց բերած ավարը։ Բայց սատանան լցրեց իմ հորեղբոր սիրտը չար խորհուրդներով, նա խաբեությամբ Մելիքին իր մոտ հյուր կանչեց և ընթրիքի ժամանակ հրամայեց սպանել։ Հետո եկավ Մելիքի ամբողջ ընտանիքը սրից անցկացրեց և տիրեց այդ բերդին։

Կարծես ես լսում էի մի ծանոթ պատմություն. անհամբերությամբ ընդհատեցի քրդի խոսքը, հարցնելով.

— Ի՞նչպես էր կոչվում ձեր հորեղբայրը:

— Խան-Մահմուդ։

— Իսկ այն Մելի՞քը, որին խաբեությամբ սպանել տվեց ձեր հորեղբայրը։

— Միր-Մարտո։ Նա իմ լավ բարեկամս էր, նրա յոթը որդիներից ամենակրտսերին, Կարոյին, ես եմ եկեղեցի տարել մկրտության ժամանակ։ Բայց բոլորին կոտորեցին, ոչ մեկը չմնաց...

Կարոյի անունը տալու ժամանակ ես նայեցի Ասլանի երեսին։ Նա աչքով արեց, որ լռեմ։ Բուրդը շարունակեց,

— Այո՛, նա իմ լավ բարեկամս էր, շատ անգամ միմյանց հետ «հաց ենք կտրել», շատ անգամ միմյանց հետ որսի ենք գնացել։ Նա աննման մարդ էր։ Նրա պես քաջ, նրա պես մեծահոգի չկար ոչ միայն հայ ազնվականների մեջ, այլ բոլոր քուրդ բեկերի մեջ։ Երևի, ազնիվ քուրդը շատ կուրախանար, եթե ասեի, որ նրա լավ բարեկամի որդին, իր կնքել տված Կարոն, ազատվել էր սարսափելի կոտորածից և այժմ կենդանի էր։ Ես այդ կոտորածի պատմությունը լսել էի շատ առաջ, Կարոյի տատ Զումրուդից, երբ նա մահվան անկողնի մեջ պատմում էր անբախտ որդու հոր ցավալի արկածը։

— Բայց աստված պատմեց իմ հորեղբորը,— առաջ տարավ քուրդը,— իր բարեկամի և դաշնակցի հետ այդպես վատությամբ վարվելուց հետո և խաբեությամբ այդ բերդին տիրելուց հետո երկար վայելել չկարողացավ...

— Ի՞նչպես,— հարցրեց Մուրադը։

— Նա միացավ այնուհետև Ջեզիրեին տիրող անգութ Բեդիր-խան-բեկի հետ, և երկուսը միասին սկսեցին անխնա կերպով ասպատակել, ավերակ դարձնել Վանի, Մուշի, մինչև Դիարբեքիրի նահանգներր, և ամեն տեղ, որտեղ հայ կար, սրից անցկացնել: Այդ լսելով Ստամբուալի հայոց խալիֆան (Մատթեոս պատրիարքը)