Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/328

Այս էջը հաստատված է

տալիս նրա արորի եզները, իսկ քուրդ ելուզակը չէր հափշտակում նրա անասունների հոտերը:

Ռեսը և նրա մոտ նստողները, որ մինչև այժմ նկատողություներ էին անում անասունների վրա, այժմ սկսեցին նկատողություններ անել դաշտից վերադարձող մշակների վրա։

— Այդ Հակոյի տղան, ասում են, գժություններ շատ է անում, նրա ականջները պետք է փոքր֊ինչ ոլորել,— ասաց ռեսը, ցույց տալով մի սրիկայադեմ պատանի, որը, իր գլխի քոլոզի վրա փաթաթած գույնզգույն թաշկինակների մեջ զանազան ծաղիկներ խրած, մեր մոտից հպարտությամբ անցնում էր։

— Մեզանից ո՞ր մեկը նրա հասակում գժություններ չէ արել,— ներողամտությամբ պատասխանեց քահանան։ — Դեռ ջահիլ է, արյունը նոր է եփ գալիս, կմեծանա, խելքը գլուխը կգա։

— Այդ Վանեսի տղան, ասում են, գործի չէ գնում, այս առավոտվոտ հայրը զոռով է դաշտը ուղարկել,— դարձյալ նկատեց ռեսը:

— Նա փոքր֊ինչ ծույլ է,— վկայեցին ամենքը։

— Նա գոնե թող օրինակ առնե Մաթոսի տղայից, որ տասը հոգու հավասար է. մի օրվա մեջ, որքան ասեք, հնձում է։ Նայեցեք, ամբողջ օրն աշխատել է, հիմա մի մեծ շալակ խոտ է բերում հորթերի համար։

— Թող աստծո աչքը վրան լինի, շատ աշխատասեր տղա է,— ձայն տվեցին ամենքը։

Այսպես, մեկի արժանավորությունները գովելով, մյուսի թերությունները պախարակելով, բարոյականության այդ վերահսկողները իրանց կարծիքը հայտնում էին յուրաքանչյուրի մասին։ Իհարկե, մյուս օրը նրանք կլսեին, լավերը ավելի կխրախուսվեին, իսկ վատերը կուղղեին իրանց վարքը։ Հարգանքը դեպի ծերը և նրա խրատները` այդ հասարակության մեջ` սրբագործված կանոններից մեկն էր։

Ռեսի տան դռան առջև մի ոչխար էին քերթում մեզ համար ընթրիք պատրաստելու: Բազմությունը հավաքված էր այնտեղ: Անկարելի էր որոշել, թե ո՛րն էր ռեսի ընտանիքին պատկանում և ո՛րն էր դրացին։ Ամենքը առանց խտրության զանազան ծառայություններ էին կատարում։

Ամբողջ գյուղում արդեն տարածվել էր, որ օտար մարդիկ են եկել։ Այդ նրանց համար մի մեծ նորություն էր, որովհետև օտար մարդկանց խիստ հազիվ անգամ էին տեսնում։ Այդ պատճառով մեկ-մեկ գալիս էին, հեռվից ուշադրությամբ նայում էին մեզ վրա