Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/346

Այս էջը հաստատված է

համար կրակ ամեն տեղ դժվար է գտնել, այդ պատճառով պետք է սովորել, առանց եփելու ևս ուտել միսը։

— Բայց ինչո՞ւ նա օրերով քաղցած է մնում։

— Առաջ ես այնպես էի կարծում, որ հոգու համար է անում, մեր հին ճգնավորների նման ծոմ է պահում։ Մի անգամ հարցրի, նա բոլորովին այլ կերպ բացատրեց իր ծոմապահության պատճառը։ Տեր հայր, ասաց նա, կարող է պատահել, որ ես ստիպված կլինեմ մի որևէ լեռան խորքերում պատսպարված լինել, որտեղ ոչ բնակություն կա և ոչ հաց, — կարող էր պատահել, որ հանգամանքների պատճառով ես ստիպված կլինեմ մի քանի օր այնտեղ քաղցած մնալ, չէ՞ որ այժմյանից պետք է սովորեցնեմ ինձ համբերել քաղցածության: Եվ այդպես նա միշտ երևակայում է մի անապատական լեռնային կյանք, հեռու մարդկային բնակությունից, ամայության մեջ խուլ, մթին քարանձավներում, և մի այդպիսի կյանքի համար վաղօրոք աշխատում է պատրաստվել։ Բայց ինչո՞ւ համար,— ոչ ոք չգիտե։

— Այդպիսի մի տարօրինակ մարդ է նա,— շարունակեց տեր հայրը,— եթե մոտենաք նրա բնակարանին, այնտեղ կտեսնեք զանազան մեծությամբ, զանազան ծանրությամբ քարեր։ Համարյա ամեն օր որոշյալ ժամերում, նա այդ քարերը բարձրացնում է և ձեռքով զանազան շարժումներ է գործում: «Ուժս փորձում եմ,— ասում է նա, — որ տեսնեմ, եթե մի օր պետք լինի այսպիսի քարեր միմյանց վրա դարսել, արդյոք կարո՞ղ կլինեմ»։ — «Քարերով տո՞ւն պիտի շինեք»։— «Ոչ, մի ուրիշ բան»... Եվ այսպես, փոքրը ցած է դնում և ավելի մեծն է վեր առնում, և անդադար շարում է միմյանց վրա։ Չափազանց հոգ է տանում թե իր մարմինը ամրացնելու և թե իր ուժի վրա։ Մեր գյուղում հազիվ մի տղամարդ կգրանցվի, որ նրա չափ ուժեղ լինի։ Եթե մեկը նրանից ուժեղ ևս լինի, բայց նա այնպիսի սատանայական ֆանդեր գիտե, որ ձեռքը ընկած մարդին կկաշկանդե և հավի նման իր ոտների տակը կգնե։ Այդպիսի դեպքեր շատ են պատահել: Նրանցից օրինակ առնելով, մեր երեխաները ևս սկսել են հետևել նրան։ — «Առողջ և զորավոր մարմնի մեջ է բնակվում զորեղ հոգին», — ասում է նա, — «պետք է աշխատել զորացնել մարմինը»։

Ես խորին ուշադրությամբ լսում էի։ Տեր հայրը շարունակեց.

— Ես երբեք չեմ տեսել մի այդպիսի անհանգիստ մարդ, ոչ մի րոպե դադարում չունի։ Երբ դասերը կվերջացնե, ոտքի վրա մի բան կուտե և իսկույն վազ կտա դեպի դաշտը: Այնտեղ հնձավորի