Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/354

Այս էջը հաստատված է

անգամ սկսեց խոսել։ Այդ անգամ զարթնեց տեր հոր որդին — օրիորդի հայրը։ Նա շղթան բաց արեց ոտից և, հենց իր անկողնի մեջ նստած տեղում, հագնվեցավ։ Երբ վեր կացավ, նա մի փոքր ջուր քսեց երեսին, որպես թե լվացվեցավ։ Հետո կանեփի երկար ձողը, մոմի նման վառելով, ձեռին բռնած, դիմեց դեպի ախոռատունը՝ իր նժույգին և մյուս անասուններին նայելու։ Նրա կինը, որ ճրագի առջև կար էր կարում, ամենևին իր տեղից չշարժվեցավ ամուսնու վեր կենալու ժամանակ։ Կարծես նրան չէր ճանաչում։ Գյուղացու ընտանեկան կարգերին անծանոթ մեկը, նրանց միմյանց հետ կռված կհամարեր։ Բայց ինձ հայտնի էր, որ կինը իր ամուսնուն ոչ մի ծառայություն չէ ցույց տալիս, երբ նրա հայրը կամ մայրը ներկա էին։ Նրանք գաղտնի են վայելում թե իրանց սերը և թե փոխադարձ հարգանքը։ Սրահում հայրը տեսավ իր աղջկան, որ նստած գործում էր։ Մոտեցավ, ձեռքը գգվանքով քսեց նրա մազերին և անցավ։ Լսելի եղավ եկեղեցու կոչնակի ձայնը։ Կարծես մի մարդ խթեց տեր հոր կողքին, նա իսկույն զարթնեց։ Նրա երեք անգամ հազալու ձայնը արդեն նշան էր իր զարթնելուն։ Հարսը շուտով տեղից վեր կացավ, մոտեցավ, սկսեց օգնել նրան հագնվելու։ Աչքերի բացվելու հետ, բացվեցավ և տեր հոր բերանը, սկսեց ինչ-որ սաղմոս մրթմրթալ։ Մրթմրթում էր նա հագնվելու ժամանակ, մրթմրթում էր նա լվացվելու ժամանակ, մրթմրթում նա երեսը սրբելու ժամանակ, և այդ անվերջ սաղմոսը շարունակվեցավ, մինչև մորուքը և գլխի մազերը սանրեց։ Հարսը ամենայն կամակատարությամբ ցույց էր տալիս իր ծառայությունները։ Այժմ համարյա ընտանիքի մեծ մասը ոտքի վրա էր։ Մնացել էին մի քանի երեխաներ, որոնք բոլորը մի վերմակի տակ քնած էին։ Դրանք էլ սատանայի նման դուրս վազեցին իրանց անկողնից, և միայն կարճ շապիկները հագներին, պպզեցին օջախի շուրջը։ Խիստ ծիծաղելի էր տեսնել, թե ո՜րպիսի ախորժակով ականջ էին դնում մեծ պտույկի մեջ եփվող կերակուրի ձայնին։ Նրանք առանց գիտենալու, թե ի՛նչ է եփվում, արդեն սկսեցին միմյանց հետ վիճել։ Մեկը ասում էր՝ հավի ջնաղը իմն է, կարծելով, թե հարիսա է, մյուսը ասում էր՝ ոչխարի ճանը իմն է, կարծելով, թե խաշ է․ երրորդը ծաղրում էր նրանց, թե ոչ ջնաղ կա և ոչ ճան, որովհետև եփվողը քեշկեկ է։ Երեխաների վեճը դեռ շարունակվում էր, երբ տեր հայրը առեց գավազանը, պատրաստվում էր դուրս գալ։ Այդ միջոցին ես ձայն տվեցի․

— Ես էլ կգամ։