Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/358

Այս էջը հաստատված է

Ես այդ բոլորի մեջ տեսնում էի մի անձնազոհ միսիոնարի առաքելություն՝ անկիրթ ժողվրդի մեջ։ Այդ առաքելությունը՝ իր ինքնուրույն ձևերով՝ ամենևին միակողմանի նպատակ չուներ․ նա այնքան բազմակողմանի էր, որքան բազմակողմանի էին ժողովրդի պետքերը, որի կրթությանը, որի բարօրությանը նվիրել էր անխոնջ գործիչը իր անձը և իր գործունեությունը։

Բայց ինձ զբաղեցնում էր մի միտք, այն բոլորը, որ ես տեսա, որ ես լսեցի, այն բոլորը, որ կատարվել էր այստեղ, չէր կարող փոքր Ժամանակի աշխատության արդյունք լինել։ Այն օրից, որ ես վերջին անգամ բաժանվեցա նրանից Որսորդի տանը, շատ ժամանակ չէր անցել։ Մի՞թե այդքան կարճ միջոցում կարելի էր այդքան շատ գործ կատարել։ Անտարակույս, նա շատ վաղուց հարաբերություններ ուներ այդ գյուղացիների հետ։ Ռեսի տան խոսակցություններից երևաց, որ նա գլխավորապես ձմեռն է պարապում երեխաների հետ, իսկ տարվա մյուս եղանակներում ազատ է։ Այդ ազատ ժամանակներում նա կամ պարապում էր գյուղացիների հետ, կամ գնում է իր հայրենիքը բարեկամներին տեսնելու։ Ո՞վքեր էին նրա բարեկամները, որտեղ էր նրա հայրենիքը, — այդ ես լավ գիտեի... Երևի, հենց այդ արձակուրդների ժամանակ նա գալիս էր մեզ մոտ և ես առիթ էի ունենում տեսնելու նրան։ Իսկ երբ բաժանվում էր մեզանից, կամ վերադառնում էր այդ գյուղը, սկսում էր իր աշխատանքը կամ ուրիշ տեղերում ճանապարհորդություններ էր անում։ Անկասկած, այդ պետք է լիներ պատճառը, որ նա երբեմն հայտնվում էր մեզ մոտ և դարձյալ շուտով անհայտանում էր...

— Գիտե՞ք, դուք այս առավոտ խանգարեցիք ինձ եկեղեցի գնալ, — բավական լուրջ կերպով ասաց նա, դառնալով դեպի Ասլանը և դեպի ինձ։— Ես ամեն երեկո և ամեն առավոտ եկեղեցուց երբեք ետ չեմ մնում։ —

— Դարձյալ կարող ես գնալ,— պատասխանեց Ասլանը հեգնական եղանակով։

— Այժմ ուշ է, ժամասացությունը վերջացել է, ժամավորները ահա դուրս են գալիս։

Նա մոտեցավ, բարձրացրեց լուսամուտի վարագույրը, նայեց դեպի եկեղեցու բակը։ Ժամասացությունը վերջացել էր այն ժամանակ, երբ արեգակը դեռ չէր ծագել։ Նրա այժմյան ժամասիրությունը զարմացրեց ինձ, ավելի այն պատճառով, որ ինձ վաղուց հայտնի էին նրա կրոնական հայացքները։