Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/36

Այս էջը հաստատված է

այդքանը բավական է։ Ես ձեզ վճարել չեմ կարող, բայց աղոթել ձեզ համար կարող եմ։ Երևում էր, որ պառավը աղքատության մեջ ևս պահպանել էր տոհմային հպարտությունը։ Բայց Ասլանը դարձյալ աշխատում էր համոզել, որ ընդունե ոսկիները։

— Ի՞նչ պետք է անեմ,— պատասխանեց պառավը փոքրինչ հուզված ձայնով։ — Դուք, պատվելի պարոն, կարծում եք, որ ես կարո՞ղ եմ այդ ոսկիները մեկին ցույց տալ, կարող եմ դրանցով մի բան գնել։

— Ինչո՞ւ չեք կարող,— հարցրեց Ասլանը զարմանալով։

— Չեմ կարող...— կրկնեց պառավը տխուր ձայնով։ — Երբ որ պարտատերերը իմ ձեռքում փող տեսնեն, իսկույն կմտածեն, որ ես պանդուխտներիցս փող եմ ստացել, և բոլորը կխլեն իմ ձեռքից։ Այդ բավական չէ, նրանք գանգատ կանեն, կնեղացնեն ինձ, կասեն շատ ես ստացել, բեր մնացածն էլ տուր։

Ասլանը, կարծես թե, հետաքրքրվեցավ պառավի տխուր խոսքերով, որոնեց մի տեղ նստելու համար, երբ ոչինչ չգտավ, նստեց մի կողմում ընկած կոտրած սնդուկի վրա։

— Քանի՞ պանդուխտներ ունես օտարության մեջ,— հարցրեց պառավից։

— Հինգ որդի։ Երկուսը Ստամբոլում չգիտեմ ի՞նչ են անում, իսկ մնացածների մասին ձայն չկա, թե որտեղ են։ Ծերունի հայրը գնաց որոնելու կորած որդիներին, ինքն էլ կորավ։

Պառավի կարոտ աչքերը կրկին լցվեցան արտասուքով։ Ես խիստ ցավակցությամբ էի լսում նրա խոսքերը, և միևնույն ժամանակ հիշում էի և իմ կորած հորը... հիշում էի և իմ վշտալի մորը... հիշում էի որբ մնացած քույրերիս... հիշում էի և մեր ավերակ խրճիթը... որտեղից արտաքսեց մեզ վաշխառու պարտատերը... «Ի՞նչ է այդ... մտածում էի ես,— մի՞թե միշտ այդպես պետք է մնա հայի վիճակը... մի՞թե նա, միշտ պանդուխտության մեջ պիտի տրորվի, մաշվի, մեռնի, արժանի չլինելով հայրենի հողին... մի՞թե մի ճակատագրական անեծք հալածում է նրան հայրենի երկրից»...

Պառավը, իր արտասուքը սրբելով, շարունակեց.

— Այդ տունը լիքն էր երեխաներով... լիքն էր մայրերով ու հայրերով... հիմա տեսնում եք, մնացել է մի հիվանդ միայն և այս փոքրիկը,— նա ցույց տվեց կիսամերկ տղային, որ այժմ խլրտվում էր մոր բարձի մոտ։ — Ամենքը ոչնչացան... ամենքը