Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/360

Այս էջը հաստատված է

Վարժապետը ոչ ծառա ուներ և ոչ աղախին. նա ինքն էր մաքրում իր սենյակները, ինքն էր պատրաստում իր կերակուրը, ինքն ևս սկսեց թե իր հյուրերի և թե մեզ համար սուրճ պատրաստել։ Ծառա չպահելը բացատրում էին նրա չափազանց համեստ անփափակսեր կացությամբ։ Գուցե գլխավոր պատճառն այն էր, որ նա չէր ցանկանում իր մոտ երկրորդ աչքեր ունենալ։ Նրան երբեմն օգնում էր եկեղեցու ծերունի ժամկոչը, որ երկու ականջներից ևս խուլ էր և աչքերը վատ էին տեսնում։ Այս առավոտ նա շհայտնվեցավ, որովհետև եկեղեցում իր գործը դեռ չէր վերջացրել։ Միևնույն սենյակի վառարանի մեջ կրակ կար։ Այնտեղ վաղուց արդեն եփ էր գալիս սուրճը. մի այլ ամանում տաքացրած էր կաթը։ Երբ նա լիքը բաժակները դրեց մեր առջև, հետո բաց արեց իր սենյակի պահարաններից մեկը, այնտեղից դուրս բերեց սպիտակ հաց, սեր և կարագ նախաճաշիկի համար։ Սերը և կարագը ընծայել էին նրան հովիվները, որոնց մոտ էր գնացել նախընթաց օրը, բայց տեր հայրը արգելեց այդ վերջինները սեղանի վրա դնել ասելով.

— Իզուր ախորժակներդ մի փչացրեք, ես եկել եմ ձեզ հրավիրելոլ մեր տունը։

— Երևի երեցկինը մի լավ բան պատրաստած կլինի նախաճաշիկի համար,— ժպտալով հարցրեց վարժապետը։

— Եթե լավ չլինի, վատ էլ չի լինի,— պատասխանեց քահանան նույնպես ժպտալով։

— Անպատճառ լավը կլինի. ես հրաժարվում եմ իմ ունեցածը սեղանի վրա դնել, թող մնա. այսօր իմ ճաշը դրանցով արդեն կարելի է պատրաստ համարել։

Ո՜րքան փոխվել էր նա, ո՜րքան մեղմացել էր նրա բնավորությունը, ո՜րքան քաղցրությամբ էր վարվում այդ մարդկանց հետ։ Ես միշտ համարում էի նրան խստասիրտ, անհամբեր, կամակոր և բռնասեր մի անձնավորություն։ Բայց այժմ ներկայանում էր նա՝ որպես գյուղացու սրտի, հոգու, զգացմունքների մարմնացած մի արտահայտություն, որ նրանից ծագելով, գիտեր նրան սիրելի լինել։

Սուրճից հետո մենք ամենքս դիմեցինք տեր հոր տունը։ Արևը նոր էր սկսել ծագել, նրա արշալույսը ավելի գեղեցիկ էր, քան երեկոյան վերջալույսը։ Փոշիանման նուրբ մառախուղը վեր էր բարձրանում ցողազարդ բուսականության վրայից և ամբողջ շրջակայքը եփ էր գալիս, գոլորշիանում էր։ Աղջիկները, ջրի սափորները