Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/361

Այս էջը հաստատված է

ուսներին, վերադառնում էին մերձակա աղբյուրից։ Վաղորդյան թեթև ցուրտը տվել էր նրանց թշերին թեթև կարմրություն։ Ծերունիները, նստած կտուրների վրա, տաքանում էին առաջին ճառագայթներով և նայում էին դեպի ծովը, որ այդ րոպեում մի արծաթյա մեծ ափսեի նմանություն էր ստացել։ Ուշացած, և տընկած երիտասարդները շտապում էին լծել արորը կամ գութանը։ Հնձավորի մանգաղի փայլը շողշողում էր հեռվից։ Տավարների նախիրը, ձիաների երամակը վաղուց էին դուրս քշել, իսկ ոչխարների հոտերը դեռ նոր քաղում էին թարմ ծաղիկները կանաչ խոտերի հետ։ Գեղեցի՜կ էր գյուղական առավոտը, խաղաղ, երջանիկ գյուղացու առավոտը, որի քրտինքը վաղորդյան ցողի հետ ոռոգում էր դաշտերը, որի վաստակը չէր հարստահարվում, որի զավակները ամբողջ տարի ուտելու հաց ունեին և տաք բնակարան։

Որ կողմից և անց էինք կենում, կտուրների վրա նստած մարդիկ խմբով ոտքի էին կանգնում և գլուխ էին տալիս։ Այդ պատիվը վերաբերում էր, իհարկե, գլխավորապես տեր հորը, ռեսին և վարդապետին, որոնք գյուղացիներից հավասար հարգանք էին վայելում։ Խրճիթների երդիկներից ծուխը թանձր սյուներով վեր էր բարձրանում և միախառնվում էր բարակ, թափանցիկ մառախուղի հետ։ Թոնիրները վառվում էին։

Երբ մտանք տեր հոր տան բակը, նրա որդին իր նժույգը ախոռատնից դուրս բերելով, այնտեղ կապել էր և իր ձեռքով թիմարում էր։ Մենք ամենքս կանգնեցինք, նայում էինք սիրուն նժույգի վրա։ Վարժապետը մտածեց նրա հետ մի կատակ խաղալ.

— Ի՞նչ ես այդքան փայփայում,— ասաց նրան,— մի գիշեր կգողանան այդ ձին։

— Ով կարող է գողանալ,— ինքնավստահ կերպով պատասխանեց նա և շարունակեց իր գործը։

— Օրինակ, ես։

— Չես կարող։

— Կարող եմ։

Տեր հայրը պատմեց այն բոլոր զգուշությունները, որ որդին գիշերը գործ է դնում իր ձիու պահպանության համար, հիշեց և շղթայի մասին, թե ինչպես նա կապում է ոտին։

— Շղթան շատ հեշտությամբ կարելի է կտրել,— սառնությամբ ասաց վարժապետը,— այդ չի փրկի ձիուն։