Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/362

Այս էջը հաստատված է

— Հեշտությա՞մբ,— ձայն տվեց տեր հոր որդին, սաստիկ վրդովվելով,— ապա փորձեցե՛ք։

Վերջին խոսքերի հետ նա ներս վազեց ախոռատունը և, դուրս բերելով այնտեղից ծանր շղթան, ձգեց վարժապետի առջև։ Նա ամբողջ մարմնով դողում էր բարկությունից։ Վարժապետը արհամարհանքով ժպտում էր։ Այդ ավելի սաստակացրեց նրա վրդովմունքը։

— Ո՞ր ծայրն ևս կապում ձիու ոտին,— հարցրեց վարժապետը։

Նա ցույց տվեց։

— Այդ ծայրը կապիր ձիու ոտին, ինչպես միշտ կապում ես, իսկ մյուս ծայրը քո ոտին։

Նա կատարեց պատվերը։

Մենք անհամբերությամբ նայում էինք թե ինչով կվերջանա այդ վեճը։ Վարժապետը դուրս հանեց գրպանից դանակի նման մի ծալովի սղոց և, բռնելով շղթայի մեջտեղից, սկսեց սղոցել։ Երբ շղթան կիսով չափ կտրվեցավ, նա մնացած մասը հուպ տվեց և ձեռքով կոտրեց։ Ամենքը զարմացան, ոչ այնքան երկաթ կտրող սղոցի վրա, որ առաջին անգամն էին տեսնում, որքան վարժապետի ուժի վրա, որ կոտրեց երկաթը։

— Հիմա տեսա՞ր,— հարցրեց նա, դառնալով դեպի տեր հոր ապշած որդին,— կարելի՞ է գողանալ, թե ոչ։

— Կարելի է,— պատասխանեց նա մեղմացած ձայնով,— եթե ամեն գող քո սղոցը և քո ուժը կունենա։

Նա իր սղոցը առանց ոչ ոքի ցույց տալու, ծալեց, կրկին գրպանը դրեց։ Ո՜րքան մեծ նշանակություն է ստանում մարդ, երբ ռամկի մոտ կատարում է մի գործ, որ նրան զարմացք է պատճառում։ Վարժապետի հնարագործությունը արագությամբ տարածվեցավ և ամեն կողմից հարևանները թափվեցան նայելու նրա վրա։ Բայց նա այնքան համեստ էր, որ իրան ցույց չտալու համար շուտով մտավ տեր հոր խրճիթը։

Այստեղ մենք գտանք նախաճաշիկի սեղանը պատրաստ։ Երեցկինը ածեց ամանների մեջ մեզ ծանոթ մեծ պտույտի մեջ եփված կերակուրը, որի երեսի վրա լճացած յուղը առատությամբ ծփում էր։ Դա հարիսայի նման մի կերակուր էր, որին քեշկեկ էին կոչում։

Նախաճաշիկից հետո մենք դարձյալ հավաքվեցանք ռեսի տանը։ Այնտեղ սկզբում իջևանել էինք, այնտեղից ևս պիտի