Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/372

Այս էջը հաստատված է

Նա հաջողություն բարեմաղթելով, բաժանվեցավ մեզանից, մտավ նավակի մեջ։ Երկու աբեղաներ սկսեցին թիավարել։

Չնայելով իր տարիքին, բոլորովին առույգ և աշխույժ մարդ էր երևում կաթողիկոսը։ Նա այնպես ցատկեց նավակի մեջ, ինչպես մի քսան ու հինգամյա երիտասարդ։ Հենց առաջին անգամից մեծ տպավորություն գործեց իմ վրա այդ բարձր հոգևորականը իր պատկառելի, փառահեղ դեմքով։ Իր պարզ, շալեղեն հագուստով բնավ չէր որոշվում նա մյուս միաբաններից։ Անապատի հալող, մաշող, թմրեցնող ազդեցությունը չէր սպանել նրա կենդանությունը, և գուցե Աղթամարա անապատը ազատ էր այդ ազդեցությունից։ Ես նույնը նկատում էի և նրա միաբանների մեջ։ Դրանք, Կտուց անապատի աբեղաների նման, մշտական աղոթքից և ճգնությունից բթացած, ապուշ դարձած, դանդաղկոտ մարդիկ չէին. դրանց մեջ երևում էին կյանքի և առողջության նշույլներ։ Ռշտունյաց աշխարհը, երկրի բնության համեմատ, առաջ էր բերել մի ինքնուրույն հոգևորականություն։ Այստեղ քահանան կրքեր ուներ, գիտեր վրեժխնդիր լինել։ Երբ իր սիրած սուրբը չէր կատարում նրա խնդիրքը, նա դադարում էր նրա առջև խունկ ծխել և մոմ վառել։

Աղթամարա միաբանները, Կտուց անապատի աբեղաների նման, աշխարհից անջատված չէին, դրանք իբրև միաբանություն մի կաթողիկոսի, ավելի կառավարչական անձանց նշանակություն ունեին, շատ անգամ դուրս էին գալիս կղզուց, շրջում էին վիճակներում, իրանց աթոռին պատկանյալ հոգևոր պտուղը հավաքելու։ Թեև Աղթամարա կաթողիկոսության թեմը ավելի փոքր, ավելի սահմանափակ էր, քան Վանա առաջնորդությունը, բայց նա մեծ ուժ ուներ, որովհետև ժողովուրդը խիստ սերտ կերպով կապված էր իր աթոռի հետ։ Երբ նրա կաթողիկոսին մի որևէ վտանգ էր սպառնում, իսկույն շատախցին, սասունցին ձեռքը տանում էր դեպի իր խենջարը...

Կաթողիկոսից բաժանվելուց հետո, Ասլանը, մի քանի աբեղաներ հետը առած, սկսեց պտտել կղզու մեջ, դիմեց դեպի հին բերդի ավերակները։ Մեր ընկեր Ջալլադը խնդրեց բաց անել վանքի տաճարի դուռը, մտավ այնտեղ ինչ—որ բաներ քննելու։ Իսկ ես շրջում էի տաճարի շուրջը և՛ հիացած, և՛ խորին տխրությամբ նայում էի պատերի բարձրաքանդակ նկարների վրա։

Ահա այնտեղ Աբրահամը զոհում է իր անդրանիկին. սիրելի որդու պարանոցի վրա դրած է ուխտադիր հոր դանակը։ Եհովայի