Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/373

Այս էջը հաստատված է

հրեշտակը, երկնքից իջնելով, բռնել է հոր ձեռքը և մատով ցույց է տալիս խոյի վրա։ Ամբողջ պատկերը շնչում է բիբլիական ջերմեռանդությամբ, երբ նա փրկությունը ու քավությունը արյան մեջ էր որոնում։ Բայց հրեշտակի մի թևքը, Աբրահամի այն ձեռքը, որով բռնած ուներ դանակը և Իսահակի սիրուն գանգրահեր գլուխը ջարդված էին։ Գեղեցիկ նկարը այլանդակվել էր...

Ահա այնտեղ Հովսեփի եղբայրները ծախում են նրան եգիպտացի վաճառականներին, լուռ և տխուր դեմքով կանգնած էր հոր սիրելին և եղբայրների ատելին մարդավաճառների խումբի մեջ։ Հովսեփի գեղեցիկ աչքերը փորած էին, եգիպտացի վաճառականին զրկել էին մի ոտից,-և այնտեղ չոքած ուղտերի մեկի պարանոցը, մյուսի ծնկները փշրել էին։ Հրաշալի պատկերի աղետալի կոտորածն էր միայն մնացել։

Ահա այնտեղ կաշառված Հուդան համբուրվում է փրկչի հետ, մատնիչը զրկել է համաշխարհային զոհին, քահանայապետի ծառաները, ջահերը բռնած, շրջապատել են նրան, մեծ վարդապետի թշվառ աշակերտները հեռվից երկչոտ դեմքերով նայում են։ Սիրո և եղբայրության քարոզչին դատի են կանչում։ Այդ պատկերի տխուր փշրանքներն էին միայն մնացել։

Ես մյուս պատկերներին նայել չկարողացա, աչքերս լցվեցան արտասուքով։

— Ո՞վ է կատարել այդ բարբարոսությունները,— հարցրի իմ մոտ կանգնած աբեղայից, որ ցույց էր տալիս ինձ նկարները։

— Եվ դուք հարցնո՞ւմ եք, պարոն,— պատասխանեց նա խորին վրդովմունքով,— մի՞թե չգիտեք, թե ի՞նչ տառապանքներ են անցել այդ տաճարի գլխով.․․

Մարդը, որքան էլ անզգա լիներ, չէ կարող սառնասիրտ մնալ, երբ տեսնում է այսպիսի անգթություններ, արհեստի, ճարտարության գեղեցիկ արդյունքը, աստծո տան սրբությունները զոհ են գնում կոպիտ վայրենության։ Թշնամին իր բարբարոսությունները կենդանի մարդկանց վրա գործ դնելուց հետո, չէ խնայում և անմեղ քարերին... Տխո՜ւր է քո պատկերը, հայրենի աշխարք, տխո՜ւր... կա՞ արդյոք քո մեջ մի տեղ, մի փոքրիկ տեղ, որ կրած չլիներ թշնամու դառն հարվածները...

Թախծալի զգացմունքներով մտա ես տաճարը։ Ներսի խոնավ սառնությունը փոքր-ինչ զովացրեց իմ բորբոքված գլուխը։ Այստեղ ևս անիրավ ձեռքը նույն բարբարոսություններն էր կատարել։ Դեպի որ կողմը և նայում էի, երևում էր խորտակում և ավերած։