Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/375

Այս էջը հաստատված է

թանկագին ընծա վանքի կողմից, և եթե հայր սուրբի իրավունքից դուրս է այդ թույլտվությունը, նա կխնդրե այդ մասին նորին վեհափառությունից։

— Այդ ինչ բան է, որի համար հարկավոր լիներ նորին վեհափառությունից խնդրել,— ընդմիջեց մյուս աբեղան, որ ինձ հետ մտավ խորանը։

— Այո՛... բայց գուցե ես կասկածանքի պատճառներ կտայի... Որպեսզի որևէ տարակուսանք չպատահի, ես հետո կասեմ ձեզ, թե ի՛նչ նշանակություն ունեն ինձ համար այդ մագաղաթները։

Նա այն աստիճան հափշտակված էր իր գյուտով, որ բոլորովին մոռացել էր իր իսկական դերը։ Նա վեր առեց ահագին Այսմավուրքը իր գիրկը, և մենք դուրս եկանք խորանից։ Վարդապետները մեզ տարան այն խուցը, որ հատկապես պատրաստված էր մեզ համար։ Ասլանը դեռ չէր վերադարձել։ Մեզ իսկույն շրջապատեցին մի խումբ աբեղաներ, սկսեցին հարցուփորձ անել բժշկապետի մասին, թե որտեղացի է նա, ուր է գնում, քանի լեզու գիտե և այլն։ Այդ հերքերի պատասխանը, որ ավելի ինձ էր պատկանում տալ, տալիս էր մեր ընկեր Ջալլադը։ Ո՞ր տեղից նա այնքան տեղեկություններ աներ բժշկապետի մասին,—այդ ինձ շատ անհասկանալի էր։

Երեկոյան կաթողիկոսը վերադարձավ շատ ուշ. նա հրամայեց Ասլանին իր մոտ կանչել։ Ես և Ջալլադը մնացինք մեր խուցի մեջ միայնակ։ Ասլանը երկար մնաց վեհափառի մոտ, մինչև ճրագները վառեցին, մինչև գիշերից բավական անցավ։ Ես պառկած էի մահճակալի վրա, և այնօր տաճարում տեսած բարբարոսությունների տխուր տպավորության ներքո, մտածում էի՝ եթե անշունչ քարերի հետ այսպես են վարվել, ապա ո՛րքան աղետներ, ո՛րքան տառապանքներ պետք է կրած լինեն մեր նախնիքը հայրենիքի թշնամիներից... Ջալլադը լուռ նստած էր ճրագի մոտ և թերթում էր իր գտած մագաղաթները։ Նա այն աստիճան խորասուզված Էր իր գործի մեջ, որ, կարծես, իմ ներկայությունը չէր նկատում։ Թերթերը դասավորում էր, համեմատում էր միմյանց հետ և երբեմն երկար, աչքերը հառած, նայում էր միևնույն տողերի վրա, որ ժամանակը և հնությունը եղծել էին։

— Ի՞նչ ազգի գրվածք են,— հարցրի նրանից։

— Տառերը հունարեն են, իսկ լեզուն հայերեն,— պատասխանեց նա, աչքերը չհեռացնելով իր ձեռքի թերթից։

— Ինչո՞ւ են հունարեն տառերով գրել։