Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/377

Այս էջը հաստատված է

վրա, որ բռնած էր իր ձեռքում։ Այժմ նրա ձայնն անգամ այլապես էր հնչում, քան թե առաջ,— մի անուշ, սրտի խորքը թափանցող ձայն, որ ջերմ համակրանք էր ազդում։ Այժմ նրա խելացի աչքերի խորության մեջ նկատում էի ես անսահման հեզություն, անսահման առաքինություն, ներշնչված բարձր, աստվածային գաղափարներով։

Նա այնպես երկյուղով և զգուշությամբ էր շոշափում մագաղաթի ցեցակեր թերթերը, որ, կարծես թե, դիպչում էր իր սրտի ամենանուրբ թելերին։ Մի փոքրիկ կտոր նրանցից պատռվելիս, նրա սրտից մի բան պատռվում էր և ամբողջ մարմնով դղում էր նա։ Ինձ թվում էր, որ միանգամից նա փափագում էր իմանալ, թե ի՛նչեր էին թաքնված այն հին, մոռացված թերթերի մեջ։

Ես ընդհատեցի նրա պարապմունքը, հարցնելով.

— Ասլանը շա՞տ ուշացավ։

— Ի՞նչ զարմանալու բան կա,— պատասխանեց նա ժպտալով,— բժիշկ և կաթողիկոս, իհարկե, միշտ նյութ կգտնեն խոսելու։ Ձեզ հետ դանակ ունե՞ք,— փոխեց նա խոսքը:

Ես տվեցի նրան իմ դանակը։ Նա աշխատում էր բաժանել երկու միմյանց կպցրած թերթերը։ «Այդպես կարելի է փչացնել: Պետք է մի հեղանյութով լուծել սոսինձը»,— խոսում էր ինքն իրան։ Դանակը մի կողմ դրեց, վեր կացավ իր խուրջինի մեջ մի բան որոնելու։

Թե ի՞նչ ժամանակ վերադարձել էր Ասլանը կաթողիկոսի մոտից, կամ մինչև գիշերվա ո՞ր ժամը Ջալլադը զբաղված էր իր մագաղաթներով,— ես տեսնել չկարողացա, որովհետև անգործությունից քունս տարավ, և աչքերս բաց արի այն ժամանակ միայն, երբ առավոտյան արեգակի ճառագայթները ներս էին շողացել մեր խուցի նեղ լուսամուտներից։ Անապատում լինել և այնպես հանգիստ քնել,— դա աներևակայելի բան է։ Գիշերը ո՞րքան տանջեցին մեզ Կտուց անապատում։ Բայց այստեղ ոչ ոք չբախեց մեր դուռը, ոչ ոք չարթնացրեց մեզ, ժամ հրավիրելով, թեև այստեղ ևս միաբանները սովորություն ունեին գիշերային ժամերգություններ կատարելու։

Ասլանը սովորականից ավելի ուրախ էր. ուրախ էր և Ջալլադը։ Նրանք շտապեցրին ինձ շուտով հավաքել մեր իրեղենները, որ ճանապարհ ընկնեինք։ Կղզու ափում սպասում էր մեզ վանքի նավակը։ Մենք նախ գնացինք կաթողիկոսի մոտ, նրա աջը համբուրեցինք և առինք նրա օրհնությունը։ Բարի ծերունին արտասուքը աչքերում ճանապարհ դրեց մեզ, որպես մի գթառատ հայր, որ