Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/38

Այս էջը հաստատված է

— Կապրի, եթե ուտելու մի բան ունենա,— պատասխանեց Ասլանը վրդովված ձայնով։

— Այդ մասին ես հոգացել եմ...— ասաց վարպետը հազիվ լսելի ձայնով։

Նրա խոսքը ընդհատեց մի կարճահասակ մարդ, համարյա ցնցոտիներով հագնված, ողորմելի և երկչոտ կերպարանքով, որ այդ միջոցին անցավ մեր մոտով: Վարպետը հարգանքով ողջունեց նրան և, երբ բավական հեռացավ նա, ասաց մեզ.

— Դա մեր թաղի ամենահարուստ մարդն է։

— Դա՞, այդ մուրացկա՞նը,— հարցրեց Ասլանը զարմանաքով։

— Այո՛, այդ մուրացկանի նման մարդը։

— Ապա ինչո՞ւ է այնպես հագնված, կարծես բոլորովին աղքատ լինի։

Վարպետը մի առանձին տխրությամբ պատասխանեց.

— Այստեղ աղքատը խո աղքատ է, իսկ հարուստն էլ ստիպված է աղքատ ձևանալ, որովհետև նրա հարստությանը միշտ սպասում է մի վտանգ: Տեսար մի օր թուրքերը մի «շառ ու շուռ» հնարեցին և ինչ որ ունի, ձեռքիցը խլեցին։

— Ի՞նչպես կարելի է այդ,— հարցրի ես ոչ սակավ զարմանալով։

— Ինչո՞ւ չէ կարելի, երբ իրավունքն էլ թշնամու ձեռքումն է, դատաստանն էլ։ Հենց այդ ընտանիքը, որի թշվառությունը մի քանի րոպե առաջ տեսաք, թող ձեզ օրինակ լինի։ Դա մեր քաղաքի ամենահարուստ և ամենապատվական ընտանիքներից մեկն էր։ Մի առավոտ տանեցիք վեր են կենում և սարսափելով տեսնում են իրանց բակումը ընկած մի թուրքի դիակ։ Խեղճերին զրպատեցին սպանության մեջ և այնքան ժամանակ բանտերում մաշեցին, մինչև ամեն հյութ ծծեցին նրանցից, և այն ժամանակ միայն բաց թողին, երբ տեսան, որ Ադամից ավելի մերկ են և Եվայից ավելի բոբիկ։

—Բայց միշտ այդպիսի զրպարտություններ չէ կարելի հնարել,— պատասխանեցի ես։

— Եթե այդպիսին չէ կարելի, դրա նմանները միշտ կարելի է։ Մեկին կզրպարտեն, ասելով, թե մահմեդականի հավատն է հայհոյել, մյուսին թե՝ մահմեդականի կնոջը ծուռն աչքով է նայել, երրորդին՝ թե իր տնում զենք և վառոդ է պահել, չորրորդին՝ թե քաղաքադռնից ձիով է ներս մտել և այլն։

Վարպետի վերջին խոսքը դարձրեց իմ ուշադրությունը այն