Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/382

Այս էջը հաստատված է

նրանք տանում էին, թել էին մանում շալեղեն գործվածքների համար։ Իբրև վարձ, եղբայր Թաթոսը ստանում էր բուրգի մի մասը։ Վերջին ժամանկներում նրա եկամուտը պակասեց, որովհետև նրա մասին լուր տարածվեցավ, թե նա նույնպես «անհավատ» է։ Գյուղացիք նրա մոտ այլևս շատ չէին հաճախում։

Եղբայր Թաթոսը ամեն ինչ մեզ համար կարգադրելուց հետո, եկավ, նստեց մեզ մոտ։ Նա, կրկին անգամ բարևելով, սկսեց սովորական հարցմունքները՝ թե ո՞րտեղացի ենք, ո՞րտեղից ենք գալիս, ո՞ւր ենք գնում և այլն։ Նա խոսելու ժամանակ երկու աչքերն ևս խփում էր, ձայնը հազիվ էր լսվում, և երկու ձեռքերը ջերմեռանդությամբ փակում էր։ Այդ սովորությունը մնացել էր նրա մեջ՝ իրանց ժողովարանում աղոթելու եղանակից։ Երբ իմացավ, որ մենք Աղթամարա վանքիցն ենք գալիս, նրա դեմքի արտահայտությունը ցավակցական ձև ստացավ։ Նա ոչինչ չխոսեց, բայց նրա լուռ շրթունքները կարծես աղոթելիս լինեին՝ «տե՛ր, ողորմի՛ր այդ մոլորյալներին»․․․

Սուրբ գրքերի տարածողը սկսեց պատմել Թաթոս եղբորը ճանապարհին իր հետ պատահած անցքը։ Նա ավելի վշտացավ և խորին կերպով հոգվոց հանելով, ասաց.

— Տիրոջ խոսքը առանց հալածանքի չի տարածվի...

Արդեն հայտնի էր, որ մենք գտնվում էինք մի հայ բողոքականի ընտանիքում։

Ջալլադը, որ խիստ հազիվ անգամ խոսակցության մեջ մտնելու սովորություն ուներ, դարձավ դեպի հալածյալը, հարցնելով,

— Դուք միայն գրքե՞ր եք տարածում։

— Ոչ, հարմար տեղերում նաև քարոզում եմ տիրոջ խոսքը, կամ ինքս կարդում եմ ավետարանը, իսկ գյուղացիք լսում են,— պատասխանեց նա հեզությամբ։

— Շա՛տ լսողներ ունեք։

— Այդ կողմերում չէ կարելի ասել՝ թե շատ, քահանաները գրգռում են ժողովրդին մեր դեմ։ Դուք ձեր աչքով տեսաք, եթե երեխաները այդպես են վարվում, նրանց հայրերը ի՛նչ կլինեն։

— Բայց, որքան ինձ հայտնի է, դուք էլ ձեր կողմից ոչ սակավ առիթներ եք տալիս ձեզ հետ այդպես վարվելու։

— Ի՞նչ առիթներ։

— Լուսավորչականներին հեթանոս եք կոչում, նրանց սրբությունները անարգում եք, մեծ պահոց օրերում բավական չէ, որ դուք պաս եք ուտում, այլ կերած մածունի մի մասն էլ ձեր