Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/383

Այս էջը հաստատված է

մորուքների ու բեխերի վրա եք քսում, և այնպես դուրս եք գալիս լուսավորչականների մոտ, որ նրանց բարկացնեք։ Չէ՞ որ ձեր տարածած ավետարանը արգելում է այս տեսակ ցույցեր, պատվիրում է չվշտացնել եղբորը։

— Նրանք մեր եղբայրները չեն։

— Եթե դուք նրանց ձեր եղբայրները չեք համարի, դրանով ավելի պատճառ կտաք ձեզ հալածելու։ Եվ մի՞թե դուք և նրանք մի հոր որդի, մի ազգի զավակներ չեք։

Մեջ մտավ Թաթոս եղբայրը, դարձյալ աչքերը խփելով, և աջ ձեռքը դեպի սուրբ գրքերի տարածողը մեկնելով, որ թույլ տա իրեն խոսելու։

— Մենք եղբյարներ կոչում ենք միայն ավետարանով մեզ հետ միացողներին, ինչ ազգից որ լինեին նրանք, իսկ հեթանոսները մեր եղբայրները չեն, թեև մեկ մորից ծնված լինեինք։ Ասլանը լուռ վեր կացավ, ցած իջավ սրահից և դիմեց դեպի պարտեզի առջևից հոսող առվակը։ Այնտեղ նստեց նա խոտերի վրա։ Ես գնացի նրա մոտ։

— Խնդրեմ իմ վերարկուն այստեղ բեր,- ասաց նա վշտացած ձայնով։

Երբ վերարկուն տարան, նա փաթաթվեցավ, պառկեց խոտերի վրա։

— Կամենում ես քնե՞լ,— հարցրի նրանից։

— Ես զզվում եմ այդ մարդիկներից. եթե գիտենայի, որ բողոքականներ են, ես բնավ նրանց շեմքի վրա ոտք չէի դնի։ Չէ կարելի նրանց հանդիպեի առանց կրոնական վիճաբանություններ լսելու։

Նա գլուխը դրեց իր թևքի վրա և լռեց։

Ես հավատացած էի, որ նա հանգստանալ չէր կարող, ես հավատացած էի, որ նրան երկար պիտի տանջեր այն միտքը, որ եղբայրը զլանում է իր հարազատին եղբայր կոչել։ Ես վերադարձա սրահը. վիճաբանությունը դեռ շարունակվում էր, ես երբեք չէի տեսել Ջալլադին այնպես տաքացած։

Մեկը մեզ մոտ հասիրի վրա պառկած խռմփում էր։ Վիճաբանության ձայնից զարթնեց, գլուխը վեր բարձրացրեց և քնաթաթախ նայեց մեզ վրա։

— Պողոս եղբայր, զարթնեցի՞ր,— կարեկցությամբ հարցրեց նրանից Թաթոս եղբայրը։

Պողոս եղբայրը, փոխանակ պատասխանելու, սկսեց հորանջել,