Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/389

Այս էջը հաստատված է

նա լռեց, մյուսները նույնպես ոչինչ չխոսեցին։

Ես սկսեցի մի առանձին զզվանք զգալ դեպի այդ մարդիկ, որոնք ավելի խղճալու կարոտ էին, քան թե կարելի էր նրանց վրա բարկանալ։ Ողորմելի մարդիկ, մի գերությունից ընկել էին մյուս գերության մեջ,— թուրքի, քուրդի ստրկությունից դարձել էին միսիոնարի ստրուկ...

Ես գնացի Ասլանի մոտ, բայց Ջալլադին այնտեղ չգտա։ Նա գնացել էր, երևի, թափառելու գիշերային մթության մեջ, իր բորբոքված սիրտը զովացնելու համար։ Ասլանբ քնած չէր։ Ես պատմեցի նրան Ջալլադի վիճաբանությունը բողոքականների հետ։ Նա խիստ սառնությամբ պատասխանեց.

— Իզուր է այդպես դատապարտել նրանց, այդ ողորմելիները ինչո՞վ են մեղավոր, նրանք արդյունք են մեր եկեղեցու անկարգության։— Թե մենք ունենայինք օրինավոր հոգևորականություն, իհարկե, նրանք չէին լինի։ Մեր ճանապարհորդության ժամանակ այնքան բազմաթիվ վանքեր տեսանք, այնքան բազմաթիվ վարդապետներ տեսանք։ Ի՞նչ են շինում այդ տխմարները, ինչո՞վ են զբաղված։— Դու քո աչքով տեսար, դու այդ լավ գիտես հայտնի բան է, նրանց վանքերի շուրջը կկազմվի մի այդպիսի փչացած հասարակություն, որ ոչ ճշմարիտ բողոքական է և ոչ ավանդապահ լուսավորչական։

Նա լռեց և մի քանի րոպեից հետո դարձյալ շարունակեց.

— Ոչինչ այնպես, մանավանդ արևելքում, չէ կտրատում մի ազգի միության կապերը և չէ թուլացնում նրա ուժերը, որպես կրոնական հերձվածն ու երկպառակությունը։ Եվ մեր երկրին տիրող կառավարությունը շատ լավ է հասկացել այդ։ Իր քրիստոնյա ժողովուրդներին մշտական կռվի ու անհամաձայնության մեջ պահելու համար, նա թույլ է տալիս օտարազգի միսիոնարներին գործելու նրանց մեջ։ Ֆրանսիան եզվիտներին, որպես վնասակար տարր, արտաքսում է իր միջից, իսկ Թուրքիան այդ հրեշներին ասպնջակություն է տալիս իր երկրում։ Բողոքական քարոզիչները մեծ պաշտպանություն են վայելում թուրք կառավարության կողմից։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ մարդիկ շատ լավ գործիքներ են նրա ձեռքում, ինչպես ասացի, քրիստոնյաների ազգային կապերը կտրատելու համար։ Հայ—կաթոլիկը, հայ—բողոքականը իրան հայ չէ համարում։ Հայ լուսավորչականը նույնպես նրանց հայ չէ անվանում։ Յուրաքանչյուրը իր ազգությունը ճանաչում է իր եկեղեցու անունով։ Ուրեմն, որքան շատ կլինի տարբեր եկեղեցիների թիվը,