Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/39

Այս էջը հաստատված է

երևույթի վրա, որ նկատեցի առավոտյան. բոլոր հայերը էշով էին գնում բազար, ձի հեծնելը նրանց արգելված էր։ Այս սովորությանը կար և Պարսկաստանում, ազնիվ անասունը՝ ձին, մահմեդականի համար էր, իսկ ստոր անասունը՝ ավանակը, քրիստոնյայի համար։

Մենք մտանք մի խուլ փողոց, Վարպետը շարունակեց.

— Այսպիսի և դրա նման վտանգները պատահում են, որպես ասացի, հարուստներին, և այդ է պատճառը, որ հարուստները աշխատում են իրանց կայքը թաքցնել և, որքան կարելի է, աղքատ ձևանալ։ Բայց այդ չէ օգնում նրանց։ Այդ դեպքերում մահմեդականները ավելի վարպետ են, քան թե մեր հարուստները։ Բավական է, որ մեկի համար լսում են, թե նա փող ունի, թեև նա իր փողը ամեն կերպով թաքցնում է, բայց դուրս են բերում։ Ինչպես աղվեսն էլ իր որջը մտած ժամանակ չէ երևում, բայց երբ որսորդները նրա ծակի առաջ մուխ են դնում, խեղճ անասունը ինքն իրան դուրս է գալիս։ Փաշայի դուռը շրջապատել են մի ամբողջ խումբ որսորդներ, որոնք այսպիսի որոգայթներ են լարում. Դրա այնպիսի ճարպիկներ են, որ սատանան պետք է նրանցից դաս աոնե։ մ Իմ նոր հագուստից հետո ես այժմ սկսել էի խոսակցության մեջ խառնվիլ Ես ինձ «մարդու տեղ էի դնում»...

— Ուրեմն ոչ ոքի կայքը այստեղ ապահովված չէ՞,— հարցրի ես վարպետից։

— Ոչ միայն կայքը, այլև նրա կյանքը, պատիվը և ամեն ինչ։ Եվ այդ է պատճառը, որ հայերը այստեղ նույն միջոցներին են դիմում, ինչ որ անում էին մի ժամանակ Տաճկաստանի զանազան քաղաքների հայերը ենիչարիների դարերում։ Ասեն մի ընտանիք ընտրել էր մի ենիչարի, որի պաշտպանության տակն էր մտած, որը պահպանում էր իրան ապավինած ընտանիքը մյուս ենիչարիների գազանությունից, ասելով— «դրան մի դիպեք, դա իմ գավուրն է»... Բայց այդ պաշտպանությունը շատ թանկ էր նստում ողորմելի ընտանիքին. նա դառնում էր իր պաշտպանի գերին, ստրուկը, նրա բոլոր հաճույքների կամակատարը։ Նրա կայքը, մինչև անգամ ընտանիքի պատիվը զոհվում էր իր պաշտպանի անբարոյական կրքերին... Դա մի այնպիսի հովանավորություն էր, որպես մի գայլ պաշտպանում է իր որսը մյուս գազանների հափշտակությունից, որպեսզի ինքը միայնակ վայելե։ Այժմ այստեղ միևնույն բարբարոսություններն են կատարվում։ Շատ ընտանիքներ