Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/392

Այս էջը հաստատված է

իսկ եթե ասեիր. «Հաջի, համեցեք, մի ֆինջան ղահվե անուշ արեք»,— իսկույն վազ կտար։

— Հաջի, մի շոր ձգիր այստեղ, որ վրան նստենք,— եղավ մեր աոաջին պահանջը։

Նա չլսեց: Ես բռնեցի նրա ձեռքից և, հատակը ցույց տալով ցածր ձայնով ասացի.

— Շո՛ր, շո՛ր բեր։

Նա մրթմրթալով հեռացավ, բայց շորի փոխարեն մի ավել բերեց և սկսեց հատակը ավլել: Այդ ավելի հարկավոր էր, մենք այդ մասին չէինք մտածել, որովհետև հաջիի նշանավոր հաճախորդներից՝ ով որ եկել էր, ով որ գնացել էր, իր հետքերը թողել էր հատակի վրա։ Այստեղ ընկած էին ձմերուկի բորբոսած կեղևներ, խաղողի չանչեր, մսի ոսկորներ, շոր հացի կտորներ, կիսավառ մոմի պատառներ, որ աշտանակի փոխարեն կպցրած էին աղյուսի վրա,— և եթե ավելացնենք նրանց հետ հաջիի կեղտոտ երեսը, որ կռանալու և ավլելու միջոցին ընկավ հատակի վրա, կարելի էր այդ սենյակը կատարյալ աղբանոց համարել։

Երբ հաջին վերջացրեց իր աշխատանքը, մենք հայտնեցինք նրան մեր երկրորդ պահանջը, ասելով, որ լվացվելու ջուր բերե։ Նա դարձյալ չլսեց։ Ինձ մնում էր երկրորդ անգամ բռնել նրա ձեռքից և աղաղակել.— «ջո՛ւր, ջուր»։ Նա իբր ոչինչ չհասկացավ։ Հարկավոր է նշաններով հասկացնել, թե ինչի համար էր ջուրը։ Ես ձեռքս տարա դեպի երեսս և լվացվելու ձևեր ցույց տվի։ Նա էլ ձեռքը տարավ դեպի պանդոկի բակը և ցույց տվեց ջրի ավազանը, որի մեջ պղնձե ծորակից ցած էր վազում ջուրը։

Դժվար է որոշել, մենք ավելի ծիծաղելի էինք երևում հաջիի աչքում, թե նա՞ մեզ։ Կարծեմ, մենք ավելի ծիծաղելի էինք երևում։ Երևի, նա մտածում էր, այդ ինչ տեսակ ճանապարհորդներ են, որ ոչ ջրի աման ունեն և ոչ մի կապերտի կտոր։

Ես համբերությունս կորցրի, նրա դանդաղկոտությունը ավելի վրդովեցրեց ինձ. բռնեցի երկար ականջներից և, սաստիկ թափ տալով, գոչեցի.

— Գնա ջուր և մի օթոց բե՛ր, լսո՞ւմ ես։

Հաջին զգաստացավ և շտապելով դեպի ցած վազեց։ Բայց իմ վարմունքը դուր չեկավ Ասլանին։

— Ի՛նչ պետք է արած,— պատասխանեցի ես,— այդ մարդիկ խնդրելու չեն սովորած, նրանց պետք է հրամայել և մտրակով հրամայել...